Կարևոր իրադարձություններ

«Բեք վոկալիստի» մեկ «կրակոցը». տեղի ունեցավ ուժային երկու կառույցների բալանսավորում. «Իրատես»

12 Դեկտեմբեր, 2017 10:20
«Բեք վոկալիստի» մեկ «կրակոցը». տեղի ունեցավ ուժային երկու կառույցների բալանսավորում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Որքան էլ տարօրինակ է, այնուհանդերձ, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները որեւէ կերպ չեն ազդում հայաստանյան ներքաղաքական «անդորրի» վրա, ուր միտքը քուջուջ է անում մեկ բանի շուրջ` ով է լինելու Հայաստանի ապագա վարչապետը, երբ հարցն ինքնին անիմաստ է, որովհետեւ բոլորն էլ գիտեն`ով: Ընդ որում` տեխնոլոգիան էլ հասկանալի է. քաղաքական դաշտն այնքան է ամայացել, ընդդիմությունն այնքան է «կորսվել», որ պարապ մնացած «մայլի» երկկողմանի երթեւեկությունը լցվում է բացառապես այդ միակ հարցադրումով: Ընդ որում` բանակում վերջնական «կարգ ու կանոն» հաստատելուց հետո, ինչն էլ իր հերթին գալիս է հավաստելու` հայաստանյան քաղաքականությունն ընդերքում է կարգավորվում` մեկ-երկու հոգու կողմից, մնացյալները «բաք-վոկալիստներն» են, որոնց կատարումները, ի դեպ, երբեմն հիացք են առաջացնում:

Այո, խոսքը ԳՇ պետ Մովսես Հակոբյանի ծրագրային, գրագետ, նաեւ մանրանկարչական ճշգրտությամբ «կերտված» (հետաքրքիր է` ով էր գրել) հարցազրույցի մասին է, որով «կոտլետներն» ու «ճանճերը» վերջապես դրվեցին իրենց տեղերում, եւ մեկ «կրակոցով» ասվեց ավելին, քան հնարավոր էր մի ողջ դարակազմիկ «պատերազմով»:

Եվ ուրեմն` բանակից գնացածներին («դրսում» եղող գեներալիտետին` սկսած Խաչատուրովից, վերջացրած Օհանյանով ու Բաղմանյանով) ասվեց` «զորահանդեսի հրամանատարը» այսօր եւ մեկընդմիշտ Վիգեն Սարգսյանն է: Եվ դա ասաց Օհանյանին շատ մտերիմ, Օհանյանով հիացած բանակի շտաբի պետը: Բանակի ներսում եղող «գեներալներին» էլ, որոնք վերեւից էին նայում «դրսերում կրթված», «ինտելիգենտ» երիտնախարարին, որի քիթը «մախորկայի» ու «թնդանոթի ծուխը» չէր առել, ասվեց` «նախարարի բանջարը գեներալների հանճարին վնաս չէ»: Համարենք բանակում առկա ներքին գլխավոր հարցը փակված: Անցնենք առաջ:

Հարց` ինչո՞ւ, այնուհանդերձ, առջեւում սպասվող ներքաղաքական տրանսֆորմացիան սկսվեց բանակից: Պատճառը ոչ միայն վերադասավորվող տարածաշրջանը, աշխարհում փոխվող փիլիսոփայությունը եւ առաջնահերթություններն էին: Գումարած գլխավոր հարցը` Ղարաբաղի խնդիրը, որն ավելի է սրվում «երուսաղեմյան» զարգացումների ֆոնին: Պետք էր ուշադիր լինել Վահան Շիրխանյանի եւ Նորք-Մարաշի խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի զրույցի նկատմամբ. այն եւս հենց այնպես չհրապարակվեց հենց այս պահին: Ձայնագրությունը եկավ ասելու` ամեն մի դուրսպրծուկ չի կարող գալ Իսպանիայից կամ «եսիմ-որտեղից» եւ իրեն իրավունք վերապահել «խաղարկելու» մեր սրբություն սրբոցը` բանակը, ներքաշելով այն ինչ-ինչ կեղտոտ, հակապետական գործարքների մեջ:
Ի դեպ, հետաքրքիր է նաեւ հաջորդ գերհզոր ուժային կառույցի` ոստիկանության ճակատագիրն առաջիկայում: Հիշենք` Ալիկ Սարգսյանից հետո (վերջինս եւս ներքաղաքական խաղեր տալու պատճառով ազատվեց պաշտոնից, սակայն, ի տարբերություն Սեյրան Օհանյանի, որին առաջարկվել էր ԳՇ պետի պաշտոնը եւ բացասվել, Ալիկ Սարգսյանն ավելի խելամիտ գտնվեց ու գնաց-տազ արեց Սերժ Սարգսյանի խորհրդականի «մունդիրի տակ»): 

Այսպիսով, ու՞մ ղեկավարության ներքո կհայտնվի ոստիկանական գերհզոր ուժային կառույցը 2018-ին: Հարցը կարծես երկբայության առարկա չէ: Անցնող տարիներին պրոֆեսիոնալիզմի մաստեր-կլասներ տված Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցը, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին միայնակ արեց իր «մեծ գործը» եւ առայսօր «լռությամբ» շարունակում է նույնն անել, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կպահպանի «իր ստատուսը» եւ կառավարության կառուցվածքի մասին առաջիկայում ընդունվելիք օրենքով կդառնա վարչապետի իրավասության ներքո գտնվող գերատեսչություն:

Միով բանիվ, 2018-ին ընդառաջ տեղի ունեցավ ուժային երկու կառույցների բալանսավորում, որն էլ հնարավորություն կտա, մի կողմից, տարածաշրջանի, երկրի համար այս բարդ վիճակում չվտանգել պետականությունը, մյուս կողմից, ինչու՞ ոչ, «ապահով Հայաստան» ունենալ` ապագա վարչապետի «համար»:

Մնացած ոչ պակաս հետաքրքիր գործընթացները (հիշենք` 2018-ին փոխվելու է ոչ միայն վարչապետը, այլեւ կառավարման ողջ համակարգը` գրեթե վերից վար)` նոր նախագահ, գուցե եւ նոր ԱԺ նախագահ (չնայած լավատեղյակները պնդում են` իզուր են ոմանք իրենց կոտորում` ԱՄՆ-ի դեսպան Միլսի սփոփիչ պարանոցին «փարվելու». Արա Բաբլոյանը մնալու է), ՍԴ նախագահ, ԱԳ նախարար (եթե Էդվարդ Նալբանդյանը դառնա ՀՀ նախագահ), ԱԱԽ քարտուղար եւ այդպես շարունակ` այդ բոլորն ածանցվելու են արդեն իսկ վերը նշված «բալանսավորումից», եւ անձերի «ով» լինելը գուցե եւ «հետաքրքիր», սակայն հիմնականում անկարեւոր է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին