Կարևոր իրադարձություններ

Արամ Հարությունյան. «Եթե ժողովրդի ուզածը սա է, ի՞նչ իմաստ ունի խոսել ընդհանրապես». «Փաստ»

12 Դեկտեմբեր, 2017 07:45
Արամ Հարությունյան. «Եթե ժողովրդի ուզածը սա է, ի՞նչ իմաստ ունի խոսել ընդհանրապես». «Փաստ»

Թանկացումների և աղքատների միջև առկա կապի առաջին եզրահանգումը ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանինն էր, որին հաջորդեցին մյուս ՀՀԿ–ականների մտքի թռիչքները: Հիշեցնենք, որ Հ. Հակոբյանը նշել էր, թե թանկացումները աղքատների վրա չեն տարածվում, քանի որ գումար չունեն, որ թանկացած միս ու կարագ գնեն: Հայտարարությունից հետո հասարակությունը քննադատեց ՀՀԿ–ականին: «Ելք» խմբակցությունն էլ, ի դեմս պատգամավոր Էդմոն Մարուքյանի, անթույլատրելի համարեց ՀՀԿ–ականների նման հայտարարությունները: Միևնույն ժամանակ, նա մեղադրեց քաղաքացիներին՝ նշելով, որ իրենք են այսպիսի պատգամավորներ ընտրել: Խորհրդարանական ստեղծված խճանկարի վերաբերյալ զրուցեցինք «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ, ով, նախ անդրադառնալով Հ. Հակոբյանի հայտարարությանը, նշեց, որ իշխանության ներկայացուցչի պարագայում նման հայտարարությունը բնական է:

«Իշխանությանը հաճոյանալու ցանկությունն այնքան մեծ է, որ նույնիսկ հիմարություններ են ասում: Իշխանության որոշ ներկայացուցիչներ այնքան խելք չունեն, որ ծառայություն մատուցելու միայն այդ միջոցն են գտնում: Չեմ կարծում, թե այդքան կարևոր է՝ ինչ են ասում: Առավել ևս՝ Հ. Հակոբյանը, ով առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում աբսուրդ հայտարարություններով»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահը:

Արամ Հարությունյանը, սակայն, համաձայն չէ «Ելք»–ի դիրքորոշման հետ:

«ժողովուրդը չի ընտրել այդ պատգամավորներին: Սերժ Սարգսյանն է ընտրել ու ընդգրկել ռեյտինգային թեկնածուների ցուցակի մեջ: Ճնշելով, ընտրակաշառքով ու տարբեր միջոցներով ի օգուտ Ս. Սարգսյանի ժողովրդից ցուցմունք են վերցրել: Չեմ կարծում, որ պետք է մեղադրենք ժողովրդին: Այդ թեման փակ է, որովհետև դա ընտրություն չի եղել: Լավ կլինի, որ է. Մարուքյանն ասի, թե ինչպե՞ս է Ս. Սարգսյանը համաձայնվել, որ Հ. Հակոբյանը ոչ միայն պատգամավոր, այլև ՀՀ ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ դառնա: Ինձ համար առհասարակ անընդունելի է, որ իրենք ընդունել են ընտրությունների արդյունքները: Ենթադրենք՝ «Ելք»–ը հավաքում էր ոչ թե 7,77%, այլ 6,9% ձայն: Ի՞նչ էին ասելու, ընդունելո՞ւ էին արդյունքները: Դեռ սկզբից պետք է չընդունեին: Իսկ եթե ընդունում եք, որ ժողովուրդը շատ ձայն է տվել իշխանությանը, իսկ ընդդիմությանը՝ քիչ, այդ դեպքում ընդհանրապես պետք չէ խառնվել ինչ–որ բանի: Օրինակ, թե ով կլինի վարչապետը, որովհետև դա արդեն ՀՀԿ–ի ներքին գործն է: Իրենց համար բավականին խոցելի է տրամաբանության շրջանակներում մնալը: Իրենք ընդհանրապես չպետք է խոսեն վարչապետի փոփոխության մասին, որովհետև ասում են՝ ժողովրդի ուզածը սա է: Դե, եթե ժողովրդի ուզածը սա է, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի խոսել ընդհանրապես»,–ասաց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ այսօր ընդդիմության ծանրության կենտրոնը խորհրդարանից դուրս է:

«Դուրս է գալիս, որ ընդդիմադի՞ր է տրամադրված 7,77%–ը: Իսկ ո՞վ ասաց, որ այդպես է: Դա գնահատական չէ: Ժողովուրդն է ընդդիմադիր: Եթե գնացել են պառլամենտ ասելու, թե ժողովուրդը այսքան ձայն է տվել, թող լավը լիներ՝ մեզ շատ տար, ապա չեմ կարծում, թե այդ տարբերակով հնարավոր է հաջողության հասնել: Իրենք խորհրդարանում թվաբանությամբ պարտված են: Իսկ հարցեր բարձրացնելու համար պարտադիր չէ անպայման պառլամենտում լինել: Այնուամենայնիվ, սկզբունքայինն ընտրությունների արդյունքները չընդունելն էր»,–եզրափակեց Ա. Հարությունյանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին