Կարևոր իրադարձություններ

Իշխանական կարկանդակի ամենամեծ կտորները վերցրած մարդիկ. Տարվա TOP 10

09 Դեկտեմբեր, 2017 12:01
Իշխանական կարկանդակի ամենամեծ կտորները վերցրած մարդիկ. Տարվա TOP 10

Ողջ տարին մեր երկրի ամենակարևոր իշխանական լծակները և ամենամեծ տնտեսական ռեսուրսները եղել են հենց այս մարդկանց ձեռքերում։ Եվ այսպես.

1․ Սերժ Սարգսյան

2017 թվականը հաստատապես նրա հաջողության տարին էր։ Ապրիլին նա կարողացավ այնպիսի ջախջախիչ հաղթանակ տոնել խորհրդարանական ընտրություններում, որ այլևս չունի ոչ մի լուրջ մրցակից ներքաղաքական կյանքում։ Արդեն նոյեմբերին նա հաղթանակեց նաև արտաքին քաղաքական արենայում, երբ պահպանելով Պուտինի ջերմ վերաբերմունքը՝ համաձայնագիր ստորագրեց ԵՄ-ի հետ։ Այսպիսով, նա էր առաջինը ողջ տարի և թերևս կշարունակի մնալ այդպիսին նաև 2018-ին։

2. Կարեն Կարապետյան

Նա շռնդալից սկսեց տարին, բայց ավարտեց այն գրեթե ինչպես հայաստանյան բոլոր վարչապետները։ Խորհրդարանական ընտրություններում նա առաջ բերվեց որպես ազգի փրկիչ, իսկ տարին փակելիս շրջանառվեց, որ ապագայում նրան սպասում է պաշտոնի իջեցում։ Ճիշտ է՝ տարվա ընթացքում նրա ռեյտինգը մի 30 տոկոսով իջավ, բայց նա դեռևս պահպանում է բնակչության 50 տոկոսի դրական վերաբերմունքը և ի պաշտոնե տարին փակում է այս տասնյակի երկրորդ հորիզոնականում։

3. Տարոն Մարգարյան

Մայիսին նա կարողացավ այնպիսի տպավորիչ հաղթանակ տոնել Երևանի ընտրություններում, որ էլ ավելի բարելավեց իր դիրքերը մայրաքաղաքում, իր ղեկավարի աչքում, իշխող կուսակցությունում, ինչպես նաև մեր տասնյակում։  Նա ամենահզոր պաշտոնյաների շարքում միակն էր, որ ողջ տարին ստիպված էր կռիվ տալ ամենամեծ գլխացավանքը պարգևող ընդդիմախոսների հետ, իսկ տարեվերջին էլ հայ ազգի մեծանուն հերոսներ Մոնթե Մելքոնյանի ու Լեոնիդ Ազգալդյանի անուններով նորակառույց փողոցներ անվանակոչելով՝ հայրենասիրական կարևոր քայլով ընդդիմությանը զրկեց քննադատական ելույթներով հանդես գալու նոր հնարավորությունից:

4. Վովա Գասպարյան

Հասարակության աղքատ ու ծանր վիճակը ողջ տարին լարված պահեց օպերատիվ իրավիճակը Հայաստանում, իսկ նրա թիմն էլ ավելի ակտիվ պայքարեց ակտիվացած հանցավորության դեմ։ Մանկապարտեզում պատանդ վերցված երեխայի միջադեպի ժամանակ նրա ենթական ցուցաբերեց անմոռանալի հերոսություն։ Ոմանք փորձեցին ոստիկանությանը մեղադրել Վերնիսաժի և այլ աղմկոտ սպանությունների պատճառով, իսկ նա լռակյաց ու արագորեն բացահայտեց դրանք՝ ցույց տալով, որ Ոստիկանապետի դիրքը իշխանաբուրգում որոշվում է ոչ թե հանցագործությունների նվազմամբ, այլ դրանց բացահայտումների աճով։

5. Գեորգի Կուտոյան

Բոլոր հակակոռուպցիոն խորհուրդների, նիստերի ու գյալաջիների ստվերում նա այն հազվագյուտ իրավապահներից էր, որ իրական քայլեր արեց կոռուպցիայի դեմ պայքարում։ Այս տարի ԱԱԾ անկաշառ տնօրենը անդրկուլիսային պատերազմ սկսեց իշխանության տարբեր ոլորտներում առկա կաշառակերության դեմ, որի միայն մի մասը կարողացավ տեսնել ու ըմբոշխնել թալանչիներից զզված հայ հանրությունը։ Նրա իշխանական դիրքերի զգալի բարելավումը սակայն պայմանավորված էր ոչ այնքան այդ պայքարով, որքան այս երիտասարդ գերհզորի նկատմամբ նրա ղեկավարի կայուն վստահությամբ։

6. Վիգեն Սարգսյան

Իր կառավարչական և անձնական կարողություններով ու նաև ի պաշտոնե նա կարող էր էլ ավելի բարձր դիրքում լինել այս տասնյակում, եթե չնախաձեռներ 1000 դրամների և տարկետումը հանելու օրինագծերը։ Մարդիկ չգնահատեցին ազգը բանակ դարձնելու նրա անկեղծ երազանքը և չհասկացան, որ պսևդոգիտնականներին տարկետում տալը թուլացնում է երկրի պաշտպանությունն ու չի օգնում գիտության զարգացմանը։ Այդուհանդերձ, տարվա վերջում ատելի դարձած Բաղմանյանին գործից ազատելով՝ նա էականորեն բարելավեց իր հանրային իմիջը և չարաճճի գեներալներին ցույց տվեց, թե որտեղ են ձմեռում խեցգետինները, և թե որքան հզոր է պաշտպանության ներկայիս նախարարը։

7. Սամվել Կարապետյան

Նախորդ տարի նա ամենահզորների առաջին եռյակում էր, իսկ այս տարին ավարտում է  ընդամենը յոթերորդը, քանի որ ժամանակին մարդիկ  հավատում էին, որ նրա մտերիմ վարչապետը շուտով կդառնա երկրի առաջնորդ։ Տարվա ընթացքում Կարապետյանները ներդրողների ակումբի ոսկյա սարերի մասին պատմեցին հայ հանրությանը։ Ոսկյա սարերը դեռ չկան, սակայն նա միևնույնն է՝ այս տասնյակում է, քանի որ Հայաստանում ունի ոչ միայն ստրատեգիական նշանակության օբյեկտներ, այլև ստրատեգիական նշանակության ընկերներ։

8. Արմեն Գևորգյան

Նա այս տասնյակի ամենաստվերային գործիչն է, ով ընդհանրապես չի հայտնվում տեսախցիկների առաջ։ Փոխարենը նա իր գերպրոֆեսիոնալ գործընկերոջ հետ այնպես է ապահովում երկրի ղեկավարի ակտիվ աշխատանքն ու լուսաբանումը, որ վերջինիս վերաբերյալ սոցիալական ցանցերում սկսել են հիմնականում գերակշռել դրական հույզերն ու գրառումները։   Նախագահի աշխատակազմի հմուտ ղեկավարը կարողացել է այնպես գոհացնել իր ղեկավարին, որ ողջ տարին արժանիորեն պահպանել է իր դիրքերը ոչ միայն երկրի ամենահզոր շենքում, այլև ամենահզորների այս տասնյակում։

9. Վարդան Հարությունյան

Ներկայիս կառավարության բազմաթիվ  գեղեցկախոս պաշտոնյաների կողքին հազվագյուտ իրական գործ անողներից մեկը հենց ՊԵԿ ներկայիս նախագահն է։ Իր չափազանց ազդեցիկ պաշտոնական լծակներով, իր խիստ ու պահանջկոտ աշխատելաոճով նա չի խեղդում անտանիք բիզնեսին, իսկ օլիգարխիային էլ ստիպում է վճարել հարկերը։ Հարկային ստուգումներից զերծ չմնաց նույնիսկ Ծառուկյանը, ով նույնիսկ իր ցուցարարների ու պատգամավորների միջոցով չկարողացավ հետ մղել ՊԵԿ-ի օբյեկտիվ և օրինական հարձակումները։

10. Գագիկ Ծառուկյան

Այս տարի նա վերաբացեց քաղաքականության իր փակված էջը և ապրիլյան ընտրություններին խորհրդարանում գրավեց երկրորդ պատվավոր տեղը։ Իր բազմաթիվ բիզնեսներով և խորհրդարանական ուժով նա հաջորդ տարի կարող է էականորեն բարելավել իր քաղաքական դիրքերը և ավելի բարձր հորիզոնական զբաղեցնել մեր տասնյակում։ Նրա վերընթացին դեռևս խանգարում են բացառապես Սամվել ու Կարեն Կարապետյանները, որոնց հետ հետագա պայքարը կկանխորոշի նրա կոալիցիոն կամ այլ տեսակի հարաբերությունները իշխանությունների հետ։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին