Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարի տեղակալն այցելել է հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներին

14 Հոկտեմբեր, 2015 13:23
Արդարադատության նախարարի տեղակալն այցելել է հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարականով հոկտեմբերի 14-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 12-ից հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Սուրեն Քրմոյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը տեղում ծանոթացել են դատապարտյալների խնդիրներին, քննարկել դրանց լուծման ճանապարհները և հորդորել են ցմահ դատապարտյալներին դադարեցնել հացադուլը` զերծ մնալով ծայրահեղ քայլերից ու գործողություններից: Բացի այդ` նրանք ցմահ դատապարտյալներին տեղեկացրել են իրենց վիճակի բարելավմանն ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների իրականացման մասին: 

ՀՀ արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները՝ ձեռնարկելով գործուն քայլեր դրանց լուծման ուղղությամբ: 

Հիշեցնենք, որ նախօրեից «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 45 ցմահ ազատազրկվածներ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով քննարկել իրենց գործերի վերանայման հարցը:

 

Լրահոս

Դիտել ավելին