Կարևոր իրադարձություններ

«Կրկին վտանգվել է Հալեպն արտաքին աշխարհին կապող հարավային ուղին»

06 Դեկտեմբեր, 2017 11:30
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
 «Կրկին վտանգվել է Հալեպն արտաքին աշխարհին կապող հարավային ուղին»

Կրկին վտանգվել է Հալեպն արտաքին աշխարհին կապող հարավային ուղին: 
Վերջին մի քանի օրերին Սիրիայի Հալեպ նահանգի հարավում՝ Իթրիա-Խանասիր մայրուղու հատվածում, կատաղի մարտեր են ընթանում մի կողմից սիրիական բանակային ստորաբաժանումների և «Ազգային պաշտպանական ուժերի», մյուս կողմից՝ Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Հայա Թահրիր ալ-Շամ» (ՀԹՇ) խմբավորման միջև: Ընդհանուր առմամբ, կառավարական ուժերն անցյալ 5 շաբաթների ընթացքում զգալի հաջողություններ էին արձանագրել նշված շրջանում՝ ազատագրելով մի շարք բնակավայրեր և առավել իրատեսական դարձնելով ընդդիմադիրների կողմից ամբողջովին վերահսկվող միակ նահանգի՝ Իդլիբի մատույցներում գտնվող, ռազմավարական նշանակության Աբու ալ-Դուհուր ռազմաբազայի ազատագրման հնարավորությունը:

Մինչդեռ ՀԹՇ-ին հաջողվել է ոչ միայն կանգնեցնել կառավարական ուժերի գրոհը, այլև՝ Իդլիբից ստացված աջակցության շնորհիվ նաև հակահարձակման անցնել՝ վերականգնելով նախկինում կորցրած դիրքերը և հերթական անգամ սպառնալով Հալեպ նահանգն արտաքին աշխարհին կապող Խանասիրի ճանապարհին:

Ահաբեկչական խմբավորման կողմից արձանագրված հաջողություններին որոշակիորեն նպաստել է նաև այն իրողությունը, որ դեկտեմբերի 2-ին ՀԹՇ-ի կողմից Իդլիբում գործող մյուս խմբավորումներին ուղղված՝ միակողմանի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ուղերձից հետո շրջանում գործող հակամարտ ընդդիմադիր կառույցների միջև ընդհարումներն էականորեն նվազել են:

 

Լրահոս

Դիտել ավելին