Կարևոր իրադարձություններ

Էրդողանը սպառնացել է խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ

05 Դեկտեմբեր, 2017 16:20
Էրդողանը սպառնացել է խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության ժողովին ունեցած ելույթի ընթացում անդրադարձել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի՝ սպասվելիք որոշմանը:

Էրդողանը սպառնացել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման որոշման դեպքում իրենք շատ խիստ պատասխան կտան, ընդհուպ մինչև Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Էրդողանը, հայտարարել է, որ Երուսաղեմը (Պաղեստինի արաբները համարում են իրենց ստեղծվելիք պետության մայրաքաղաքը-EH.) մուսուլմանների «կարմիր գիծն» է:

«Որպես Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնած երկիր, հետևողական ենք լինելու այս թեմային: Եթե ԱՄՆ-ը նման քայլ անի, անմիջապես Ստամբուլում ԻՀԿ անդամ երկրների գագաթաժողով կկազմակերպենք: Դա կարող է այնպիսի հետևանքների հանգեցնել, ինչպիսին կարող է լինել մեր դիվանագիտական հարաբերությունների խզումը Իսրայելի հետ»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ  Սպիտակ տնից արված հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը մոտ օրերս հայտարարություն է անելու Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, ինչը հավասարազոր է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:

Ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին օրենքն ԱՄՆ Կոնգրեսի անդամներն ընդունել են դեռևս 1995 թվականին։ Սակայն, ջանալով խուսափել քայլերից, որոնք կարող են տանել Մերձավոր Արևելքում իրավիճակի էլ ավելի սրման, այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած դեմոկրատ Բիլ Քլինթոնը հետաձգել է օրենքի իրագործումը։ Նման քաղաքականություն են վարել նաև նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերը և Բարաք Օբաման։ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր այլևս չհետաձգել դեսպանատան տեղափոխումը: Սպասվում է, որ ընտրվելուց հետո մայիսին արդեն մեկ անգամ հետաձգելու որոշում կայացրած Թրամփն այս անգամ կարող է հակառակ որոշում կայացնել:

 

Լրահոս

Դիտել ավելին