Կարևոր իրադարձություններ

«Կեսարինը` կեսարին, գյուղացունը` գյուղացուն»

02 Դեկտեմբեր, 2017 16:42
Հեղինակ՝ Արմեն Հովասափյան
«Կեսարինը` կեսարին, գյուղացունը` գյուղացուն»

Վերջին մի քանի ամիսներին ՀՀ բնապահպանների ուշադրության կենտրոնում Լոռու մարզն էր, ավելի կոնկրետ՝ Արդվին: Լինելով լոռեցի և անմիջապես բնակվելով Շեկաղբյուր վայրին շատ մոտիկ տարածքում` Օձունում, ոչ մի կերպ չէի կարող անտարբեր լինել Արդվիում կատարվող իրադարձություններին:

Նախորդ գրառումներումս անդրադարձել եմ Արդվուն՝ որպես հնավայրի և պատմամշակութային արժեքների մի ամբողջության. միայն այն փաստը, որ այնտեղ է գտնվում ամենայն հայոց իմաստասեր կաթողիկոս Հովհան Օձնեցու գերեզմանը, բավական է, որ այդ վայրը լինի պետական պաշտպանության հովանավորչության տակ: Արդվիում են գտնվում 105 անուն պատմամշակութային կոթողներ, որոնցից են` 7-13 րդ դարի գերեզմաններ, 10-12-րդ դարի խաչքարեր, վաղ միջնադարի եկեղեցի, դամբարանադաշտ` Ք.Ա. 1-2 հազարամյակի, Սուրբ Հովհան Օձնեցու՝ 8-րդ դարի կառուցած վանքը, Օձի պորտ կոչվող սրբավայրը և այլ պատմամշակութային արժեքներ ու կոթողներ։

Այս անգամ կանդրադառնամ խնդրի բուն պատճառներին և փորձեմ հիմնավորումներով ներկայացնել հստակ թիրախներ:

Ամռանը «Միռամ» ընկերությունը հայտ էր ներկայացրել բնապահպանության նախարարություն՝ ընդհանուր առմամբ 200 հա մակերեսով տարածքում ուսումնասիրություններ կատարելու համար։ Տարածքի հիմնական մասը՝ մոտ 150 հա, պատկանում է Արդվի համայքին, որտեղ, սակայն, ընկերության ներկայացուցիչները բնակիչների կողմից մեծ դիմադրության հանդիպեցին, ինչից հետո ծրագրում թողեցին միայն Արդվուն կից գտվող Մղարթ բնակավայրին պատկանող մոտ 54 հա տարածքը։ Արդվիի տարածքն ընդգրկված չէ հանքերակման նոր հայտում, սակայն դա արդվեցիներին չէր հանգստացրել: Նրանք համարում են, որ «Միռամն» այս կերպ դիմել է խորամանկ քայլի՝ հետագայում ծրագիրն ընդլայնելու նպատակով: Արդվեցիների հետ լեզու չգտնելով՝ գյուղացիներն ուղղակի փակել էին գյուղ տանող ճանապարհը, նախագծից հանվել է Արդվու 150 հեկտարը. մնացել է միայն Մղարթի 54 հեկտարը, որը Արդվի գյուղից հեռու է 2, իսկ Մղարթ գյուղից` 3,5 կիլոմետր:

Շեկաղբյուր լեռը գտնվում է Մղարթի վարչական տարածքում, բայց լեռն ուղղակի Արդվու գլխին է, որտեղից էլ հոսում են գյուղը սնուցող հիմնական խմելու ջրերը: Ցանկացած հանք շահագործելու դեպքում շրջակա միջավայրն ամբողջությամբ աղտոտվելու է, այդ թվում՝ Արդվու խմելու ջրի ակունքը և անասունների խոտհարքները: Արդվին պատմամշակութային արժեք է ներկայացնում և ՀՀ տուրիզմի զարգացման համար լուրջ հարթակ կարող է հանդիսանալ, իսկ հանքերը, պոչամբարներն ու հանքների թափոններն ուղղակի հակատուրիստական միջավայր են ապահովելու:

Դեկտեմբերի 1-ին Օձուն համայնքի Մղարթ բնակավայրում նախատեսված հանրային լսումը ևս տապալվեց։ Մղարթի և Արդվու բնակիչներն ու բնապահպանները ոսկի որոնելու ցանկություն ունեցող «Միռամ» ընկերության, ինչպես նաև բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին թույլ չտվեցին մտնել Մղարթի նախկին գյուղապետարանի շենք, որտեղ նախատեսված էր անցկացնել հանրային երկրորդ լսումը։ Այս փաստը բավականին ոգևորիչ է, քանի որ վկայում է այն մասին, որ գյուղացին իր արմատներին և հայրենի հողին արմատներով է մխրճված:

Բնապահպանները թվում են այն բոլոր վտանգներն ու բացասական հետևանքները, որոնք առաջանում են Հայաստանի տարբեր հատվածներում հանքերի գործունեության հետևանքով՝ քաղցկեղային հիվանդությունների, վաղաժամ ծննդաբերությունների, վիժումների, բնածին հիվանդություններով ծնունդների աճ, ջրի ծավալների կրճատում ու աղտոտում, հողում վնասակար մետաղների կոնցենտրատայի գերազանցում, երեխաների արյան մեջ կապարի քանակության աճ:

Իրականում խնդրին պետք է նայել երկու կողմից: ՀՀ տնտեսության համար հանքարդյունաբերությունն ունի լոկոմոտիվի դեր և համարվում է գերակա ուղղություն, սակայն տուրիզմն իր հերթին ոչ պակաս ազդեցություն ունի հանրային կյանքում և տնտեսության ժամանակակից կարևորագույն ուղղություններից մեկը, որն իր հետ ունի զուգահեռ զարգացնող մի քանի ուղղություններ ևս (հյուրատներ, տեղական արտադրություն, սպասարկման ոլորտ և այլն):

Ինչևէ, սպասենք դեպքերի առաջիկա զարգացմանը: Ըստ իս՝ «Միռամ»-ը կդիմի նոր քայլերի, և կփորձի ամեն կերպ հասնել իր նպատակին, մնում է միայն՝ լոռեցիները մնան իրենց համոզմունքին և սկզբունքին հավատարիմ:

Հ.գ. Ճիշտն ասած` արդվեցիների այս պայքարը մի տեսակ ինձ հիշեցրեց գալերի պայքարը…

 

Լրահոս

Դիտել ավելին