Կարևոր իրադարձություններ

ՍԴՀԿ-ն ողջունում է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրը. հայտարարություն

24 Նոյեմբեր, 2017 21:22
ՍԴՀԿ-ն ողջունում է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրը. հայտարարություն

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Բրյուսելում ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործունեության» համաձայնագիրը:

Հայտարարության մեջ նաև ասվում է. «ՍԴՀԿ ԿՎ-ն վստահ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է լուծել իր արտաքին և ներքին մարտահրավերները՝ միայն և միայն հավասարակշռված արտաքին քաղաքականություն իրականացնելով բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ:

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու, ինչպես նաև ԵՄ-ի հետ այս համաձայնագրի կնքումը հնարավորություն է տալիս թշնամական շրջափակման պայմաններում դուրս չմնալ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական կարևորագույն տնտեսական և քաղաքական գործընթացներից, ինչպես նաև հավելյալ տնտեսական հնարավորություններ կիրառել՝ Հայաստանի սոցիալական և տնտեսական վիճակը բարելավելու և բարեփոխումները շարունակելու համար:

ՍԴՀԿ ԿՎ-ն ընդգծում է, որ Արցախի խնդրի արդարացի լուծման հնարավոր մեխանիզմներից մեկը ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների հետ բարիդրացիական և խորացված գործընկերային հարաբերություններն են:

Ապագայում, ԵՄ անդամ երկրների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առանց վիզային ռեժիմի ուղևորությունները միանշանակ նպաստելու է ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմանը, որը բխում է մեր երկրի և նրա քաղաքացիների շահերից»:

 

Լրահոս

Դիտել ավելին