Կարևոր իրադարձություններ

Գործուղումից հրաժարվե՞լ ես՝ վերադարձրու փողը. «Հրապարակ»

24 Նոյեմբեր, 2017 10:00
Գործուղումից հրաժարվե՞լ ես՝ վերադարձրու փողը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում բյուջեի խնայողության նոր միջոցներ են մտածում։ ԱԺ հեռախոսազանգերը լիմիտավորելուց հետո կարգավորման հաջորդ մեխանիզմը, որն այժմ քննարկվում է, վերաբերում է ավիատոմսերին։ Քիչ չեն դեպքերը, երբ պատգամավորները վերջին պահին հրաժարվում են գործուղում մեկնելուց, սակայն նախապես ձեռք բերված ավիատոմսերը հետ վերադարձնելիս բյուջեն վնասներ է կրում։ ԱԺ աշխատակազմը մտադիր է նման դեպքերում վնասի փոխհատուցումը գանձել պատգամավորի անձնական միջոցներից։

Ի դեպ, ԱԺ պետծառայողների ատեստացիան, որի մասին երեկ հաղորդել էինք, վերաբերելու է վերջին 3 տարին ատեստացիա չանցած ծառայողներին, որոնք, ինչպես տեղեկացանք, 31 հոգի են։ ԱԺ մոտ 600 հոգանոց աշխատակազմում պետական ծառայողներ են ընդամենը 222-ը, որոնք կա՛մ 3 տարուց պակաս են աշխատել, կա՛մ վերջին 3 տարում անցել են ատեստացիա։ Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի, ատեստացիան ԱԺ աշխատակիցների կրճատման նպատակ չի հետապնդում․ «Ատեստացիան եւ կրճատումն իրարից տարբերվող ինստիտուտներ են, կրճատումն անվանացանկով եւ հաստիքացուցակով ԱԺ նախագահի կողմից ընդունվող փաստաթուղթ է, ըստ անհրաժեշտության՝ նա կարող է կատարել կրճատում կամ ավելացում։

Մենք մշտապես ասել ենք, որ ԱԺ աշխատակազմը պետք է օպտիմալացվի, կարգավորվի եւ ունենա այնպիսի կառուցվածք եւ հաստիքացուցակ, որը կկարողանա արդյունավետ կառավարել օրենքով իր առաջ դրված պարտականությունները։ Այս պահին շարունակվում է ԱԺ կառուցվածքային փոփոխությունների մշակման աշխատանքը, որը, սակայն, առնչություն չունի ատեստացիայի հետ»։

Ի դեպ, ատեստացիոն հարցաշարը բաղկացած կլինի առնվազն 150 հարցից»։

 

Լրահոս

Դիտել ավելին