Կարևոր իրադարձություններ

Տավուշում գործազուրկների 62,9 տոկոսը կանայք են. «Փաստ»

24 Նոյեմբեր, 2017 10:25
Տավուշում գործազուրկների 62,9 տոկոսը կանայք են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2017 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Տավուշի մարզում կազմում է շուրջ 5530 մարդ, նրանցից՝ 3431-ը կանայք: Այս մասին «Փաստ» օրաթերթը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85,6 տոկոսը կամ 4731 մարդ: Այստեղ շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 62,9 տոկոսը կամ 2974 մարդ: Տավուշում գործազուրկի կարգավիճակ ունեցողների 4,2 տոկոսը կամ 197-ը հաշմանդամություն ունեցող անձինք են:

Ըստ կրթական ցենզի՝ հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 10,5 տոկոսը, թերի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ունեցողները՝ 19 տոկոսը, նախնական մասնագիտական կրթություն ունեցողները՝ 3,4 տոկոսը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները՝ 57,5 տոկոսը, հիմնական ընդհանուր, հատուկ ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները՝ 9,6 տոկոսը։

Ըստ տարիքային ցենզի՝ 16-29 տարեկանները կազմում են գործազուրկների թվի 32, 1տոկոսը։ 30-44 տարեկանները գործազուրկների թվի 38,3 տոկոսն են կազմում, 45-54 տարեկանները՝ 16 տոկոսը, իսկ 55-ից բարձր տարիքի անձինք՝ 13,6 տոկոսը։ Մարզում չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 315 անձ: Զբաղվածության պետական գործակալության փոխանցմամբ՝ տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 372 անձ: Աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով իրականացվում են զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական ծրագրեր: Իրականացված երկու ծրագրի շնորհիվ 108 տավուշցի աշխատանք է գտել:

«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 37 անձ: 71 մարդ էլ աշխատանք է գտել «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրի միջոցով»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին