Կարևոր իրադարձություններ

Գարեգին Բ-ն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

23 Նոյեմբեր, 2017 17:29
Գարեգին Բ-ն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Նոյեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարի, քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի նկատմամբ անհանդուրժողականության կանխարգելման հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ պրոֆեսոր Ինգիբյորգ Գաբրիելին և ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ, պրոֆեսոր Հերիբերթ Հիրթեին իր տիկնոջ հետ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Նորին Սրբությունը ողջունել է հյուրերի այցը Հայաստան «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» համաժողովի առիթով` կարևորելով նման նախաձեռնությունները, որոնք ուղղված են քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի ներկայացուցիչների առջև ծառացող մարտահրավերների կանխարգելմանը և հաղթահարմանը:

Ամենայն Հայոց Հայրապետը հաստատել է, որ այս առումով Հայոց Եկեղեցին ևս մեծ ջանքեր է գործադրում տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների միջև հանդուրժողականության, խաղաղ գոյակցության և սիրո ամրապնդման ուղղությամբ: Տեղեկացվել է, որ Ամենայն Հայոց Հայրապետը և Մայր Աթոռի միաբանները պարբերաբար մասնակցում են տարբեր միջկրոնական ու միջեկեղեցական հանդիպումներին, նշյալ խնդիրների շուրջ համաժողովներ և քննարկումներ են կազմակերպվում նաև Սուրբ Էջմիածնում: 

Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձել է նաև բազմամշակույթ և բազմակրոն միջավայրերում հայոց համայնքները հովվելու Հայոց Եկեղեցու պատմական փորձառությանը: Նորին Սրբությունը շեշտել է, որ հայ ժողովուրդը գիտի խաղաղ համակեցության արժեքը, սակայն պատմության ընթացքում ճաշակել է նաև անհանդուրժողականության, այլատյացության և կրոնական խտրականության դառնությունը, ինչը շարունակվում է այսօր մի շարք հարևան երկրներում: 

Հյուրերի հետ Վեհափառ Հայրապետը մասնավորաբար քննարկել է Մերձավոր Արևելքի երկրներում տիրող կացությունը, որն իր ներազդեցությունն է ունենում նաև հայ համայնքի վրա: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը տեղեկացրել է քրիստոնեական համայնքների առջև ծառացած դժվարությունների հաղթահարման նպատակով Քույր Եկեղեցիների հովվապետերի հետ միասին ձեռնարկվող քայլերի մասին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես կարևորել է միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ-ի` անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված քայլերը: Հայոց Հովվապետը հավելեց նաև, որ մտահոգիչ այդ երևույթների կանխարգելման համար ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի և երբեք քաղաքական շահերի զոհ չդառնա:

Հյուրերը ևս իրենց հերթին կարևորել են էկումենիկ շփումներն ի նպաստ քրիստոնյա փոքրամասնությունների:

Պատասխանելով ներկաների հարցերին` Նորին Սրբությունն անհրաժեշտ նկատեց միջկրոնական շփումների և երկխոսության առավել աշխուժացումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել ներկաներին համաժողովին բերած ակտիվ մասնակցության և կարևոր ներդրումի համար` մաղթելով հաջողություններ իրենց առաքելության մեջ:

Հյուրերն այցելել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին