Կարևոր իրադարձություններ

Մեզ համար միակ չափանիշը բոլոր օրենքներում, նախաձեռնություններում այն է, որ օրինապահ բիզնեսմենի համար որևիցե խոչընդոտ չստեղծվի. վարչապետ

23 Նոյեմբեր, 2017 16:13
Մեզ համար միակ չափանիշը բոլոր օրենքներում, նախաձեռնություններում այն է, որ օրինապահ բիզնեսմենի համար որևիցե խոչընդոտ չստեղծվի. վարչապետ

Հավանություն է տրվել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Հիմնավորման համաձայն՝ օրինագծերի փաթեթը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա, որը տրվել է ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստին: Հանձրարարվել էր քննարկել հարկային և մաքսային օրենսդրական դաշտի վերանայման այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ստվերային տնտեսությունները հարկային դաշտ բերելուն, սեփական եկամուտներն ավելացնելուն: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում են նոր մոտեցումներ՝ տնտեսության մեջ առկա ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով: Մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ երկրներից իրականացվող ներմուծումների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների տեղափոխումն իրականացնել ապրանքների հետագծելիությունն ապահովող և հարկային մարմին տեղեկատվություն հաղորդող էլեկտրոնային սարքերի կիրառությամբ: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է 2018 թ. հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի կիրառության հետ կապված ապահովել օրենսգրքի և հարակից օրենքների, դրանց հասկացությունների, կարգավորումների ու հղումների համապատասխանեցումը, օրենսգրքով սահմանված նոր կարգավորումների սահմանումը հարակից օրենքներով:
Հավանության է արժանացել կառավարության մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծի կարգավորման նպատակը մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելը օրենսգրքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայումն է` դրանցում բովանդակային, խմբագրական, ինչպես նաև տերմինաբանական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու ճանապարհով: Նախագծով, մասնավորապես, շահաբաժինների հարկման մասով առաջարկվում է` հարկել միայն ընդհանուր ժողովի կողմից հայտարարված շահաբաժինները՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին հարկի առաջացման նորմը հանելով, հարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2017 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկել ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2018 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկերի վճարումից չխուսափելու համար՝ հարկային օրենսդրության իմաստով որպես շահաբաժնի վճարում համարել նաև անտոկոս կամ ցածր տոկոսով տրված փոխառությունները և այլն: Վերոնշյալ երկու օրենսդրական նախաձեռնությունները կմիավորվեն և ԱԺ կներկայացվեն մեկ փաթեթով: 
Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն միտված է բիզնես միջավայրի բարելավմանը, գործարարների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելուն:«Ավելին, մոտ ժամանակները մենք նորից քննարկելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և այլ գերատեսչությունների բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունները: Ամենակարևորը, որ ուզում եմ տեղյակ պահել գործընկերներին, այն է, որ բոլոր այն նախաձեռնություններում, որտեղ ՊԵԿ-ը հնչեցնում է խնդիրներ պոտենցիալ ոչ օրինապահ բիզնեսին օրինական դաշտ բերելու վերաբերյալ, միշտ առաջնորդվել ենք հետևյալով՝ մերժվում են բոլոր այդ նախագծերն ու առաջարկությունները, որոնք կարող են օրինապահ բիզնեսմենի համար խնդիրներ ստեղծել: Այսինքն՝ միակ չափանիշը մեզ համար բոլոր օրենքներում, նախաձեռնություններում այն է, որ օրինապահ բիզնեսմենի համար որևիցե խոչընդոտ չստեղծվի»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նախատեսվող բոլոր փոփոխությունների վերաբերյալ հնարավորինս տեղեկացնել հանրությանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին