ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, աշխատանքային այցով գտնվելով ԱՄՆ-ում, նոյեմբերի 22-ին շարունակել է իր հանդիպումները Կալիֆորնիայի քաղաքական և գործարար շրջանակների հետ, հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատոր Անթոնի Փորթանթինոյի և Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Արմելլա Շաքարյանը և ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Կալիֆորնիայի միջև քաղաքական ու տնտեսական փոխգործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ, ձեռք բերել պայմանավորվածություններ հետագա քայլերի շուրջ:
Պետնախարարն այնուհետև հանդիպել է Հայկական գործարար խորհրդի անդամներին՝ նրանց ներկայացնելով Արցախի տնտեսական ներուժը, ներդրումային գրավչությունն ու վերջին տարիների ձեռքբերումները:
Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ վերջին 10 տարում Արցախում գրանցվել է տարեկան միջինը 10 տոկոս ՀՆԱ աճ, ինչն ամուր հիմքեր է ստեղծել անհամեմատ ավելի մեծ զարգացում արձանագրելու համար: Արդյունքում, հանրապետությունում աճել է նաև ներդրումային գրավչությունը՝ պայմաններ ստեղծելով տնտեսական փոխշահավետ նախագծեր իրագործելու ճանապարհին:
Արցախի պետնախարար կարևորել է հատկապես ներկա պայմաններում սփյուռքահայ կապիտալի մասնակցությունն Արցախի զարգացման գործում՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս բարենպաստ միջավայր ապահովել յուրաքանչյուր ներդրումային ծրագրի համար:
Արայիկ Հարությունյանը հեռուստամարաթոնի նախօրեին նաև հարցազրույց է տվել տեղական մի քանի լրատվամիջոցների՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացումներին, ռազմաքաղաքական իրադրությանը և հարակից այլ հարցերի: