Կարևոր իրադարձություններ

Իրանը Հայաստանի առաջ բարձրացնում է գազի խնդիրը. «Ժամանակ»

23 Նոյեմբեր, 2017 10:12
Իրանը Հայաստանի առաջ բարձրացնում է գազի խնդիրը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանի նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարիչ-տնօրեն Համիդ Ռեզա Արաղին երեկ հյուրընկալվել է Հայաստանի կառավարությունում եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ քննարկել նրա Իրան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Կարեն Կարապետյանն Իրան էր այցելել հոկտեմբերի սկզբին, սակայն թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ այցի ընթացքում, այդպես էլ մանրամասն կամ կոնկրետ հայտնի չէ առ այսօր: Միակ կոնկրետությունը, թերեւս, եղել է Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարման հարցում, որի վերաբերյալ խոսել է կապի ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա հայտարարեց վարչապետի Իրան այցից հետո, որ Հայաստանը թուրքմենական եւ իրանական կողմերին առաջարկում է ապրանքով փակել Թուրքմենստանին Իրանի ունեցած պարտքը եւ դրա դիմաց գազ ստանալ Իրանի տարածքով:

Սա առայժմ միակ կոնկրետությունն է, որ հայտնի է Իրան կատարած այցից հետո, եւ հարց է առաջանում, թե արդյո՞ք հենց այդ պայմանավորվածության ընթացքի համար է Իրանի ազգային գազային ընկերության տնօրենը ժամանել Հայաստան ու հանդիպել վարչապետի հետ:

Կապի ու տրանսպորտի նախարար Մարտիրոսյանը հայտարարել էր, որ առաջիկայում գործարքի վերաբերյալ եռակողմ քննարկում է սպասվում Աշգաբադում: Սակայն այս դեպքում էլ հայտնի չէ եռակողմ քննարկման կոնկրետ ժամկետ, թեեւ հնարավոր է հենց այդ ժամկետը որոշելու համար էլ իրանցի պաշտոնյան ժամանել է Հայաստան: Մյուս կողմից՝ արդյո՞ք Հայաստանն ու Իրանը կարող են քննարկել գազային այլ հարցեր: Համենայնդեպս, մի հետաքրքիր հարց առկա է:

Հայաստանը դեռեւս Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ ստեղծեց «Էներգամպեքս» ընկերություն, որը 100 տոկոս պետական բաժնեմասով ըներություն է եւ ստեղծվել է Իրանից գազ գնելու ու երրորդ երկրի վաճառելու համար: Ամենայն հավանականությամբ երրորդ երկիր ասվածը Վրաստանն է, քանի որ հազիվ թե Հայաստանը տեխնիկական հնարավորություն ունի գազ վաճառել այլ երկրի, քանի որ Իրանից գազի գնումն ու երրորդ կողմին վաճառելը պետք է տեղի ունենա, այսպես ասած, փոխանակման սկզբունքով՝ «սվոպ» տարբերակով, մայրուղային գազատարի բացակայության պատճառով: Այնուհանդերձ, եթե ստեղծվել էր «Էնեգաիմպեքսը», ապա պետք է ենթադրել, որ կար որոշակի պայմանավորվածություն իրանական գազը սվոպ տարբերակով Վրաստան տեղափոխելու մասին: Սակայն այսօր այդ մասին խոսակցություն չկա: Ի՞նչն է պատճառը: Այստեղ, իհարկե, կա նաեւ չորրորդ կողմ՝ «Գազպրոմը», առանց որի սվոպ տարբերակը պարզապես չի գործի:

Եվ ուրեմն՝ չորս կողմերից հատկապես որի՞ պատճառով է, որ չի կայացել կամ այսպես ասած՝ չի հաստատվել Իրանից Վրաստան գազի տեղափոխումը Հայաստանի միջոցով: Եվ ընդհանրապես, այդ հարցը օրակարգո՞ւմ է, թե՞ այլեւս դուրս է օրակարգից: Այդ ամենով հանդերձ, սակայն, հայ-իրանական գազային քննարկման առանցքային հարց կարող է լինել նոր գազատարի կառուցումը, որը կունենա իրանական գազը Եվրոպա արտահանելու տեխնիկական հնարավորություն: Հայ-իրանական գազային գործակցության ոլորտում մնացյալ հարցերը պարզապես ենթահարցեր են, որոնք չունեն սկզբունքային որեւէ արժեք:

Օգոստոսին իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե գազամուղի հարցը, իհարկե, միանգամայն ընդունելի է, եթե բխում է բոլոր կողմերի շահերից: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ հարցը փորձագիտական դիտարկումների դաշտում է: Արդյո՞ք հարցը մոտեցել է հայ-իրանական քաղաքական քննարկումների դաշտին, թե՞ դեռեւս այնտեղ է, որտեղ օգոստոսին էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին