Կարևոր իրադարձություններ

Отец, гордимся тобой. Հյուպատոսը վարչապետի խորհրդականի հայրն է. «Հրապարակ»

23 Նոյեմբեր, 2017 08:57
Отец, гордимся тобой. Հյուպատոսը վարչապետի խորհրդականի հայրն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Ղազախստանի Ակտոբե քաղաքում բացվել է Ակտյուբինսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը: Բացման արարողությունը բազմամարդ է եղել, մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ ղազախ գործիչներ, նաեւ՝ գործարար շրջանակներից: ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել տեղի հայտնի համայնքային գործիչ եւ գործարար Հայկ Տերտերյանը՝ վարչապետ Կարապետյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մհեր Տերտերյանի հայրը:

Մ. Տերտերյանը, ով Ակտոբեում գործող «Պարիժսկայա կոմունա» ՍՊԸ-ի տնօրենն է, Ֆեյսբուքում կիսառուսերեն-կիսահայերեն շնորհավորանք է հղել հորը․ «Отец, гордимся тобой и любим! Բարով ծառայես մեր Երկրին!»:

Հյուպատոսությունը, նկատենք, զուտ ներկայացուցչական մարմին է (իրավասու չէ փաստաթղթեր ստորագրել, կնքել եւ այլն), համագործակցելու է Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ:

Նշենք, որ Ակտյուբինսկի մարզում շուրջ 3 հազար հայ է ապրում, Ղազախստանում (նաեւ՝ Ղրղզստանի Հանրապետությունում եւ Աֆղանստանի ԻՀ-ում) ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էլ ԱԺ նախկին փոխնախագահ (1995-98 թթ.) Արա Սահակյանն է:

Ղազախստանում հայտնի գործարար է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Դավիթ Վարագյանը, ով Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրն է (Վարագյան եղբայրներից մյուսն էլ՝ Խաչատուրը, Շիրակի մարզպետի տեղակալն է):

Մենք հայտնել էինք, որ առաջիկայում Մեղրիում խաղատան ու հյուրանոցային համալիրի կառուցմամբ հետաքրքրված են ինչպես ռուս, այնպես էլ ղազախստանցի գործարարները եւ ծրագիրն իրագործվելու պարագայում այստեղ բազմամիլիոնանոց ներդրումներ են նախատեսում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին