Կարևոր իրադարձություններ

Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է ձմեռային անակնկալներին

22 Նոյեմբեր, 2017 21:31
Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է ձմեռային անակնկալներին

Գյումրու քաղաքապետարանից լրագրողներին վստահեցնում են՝ ձմեռը խնդիրներ չի առաջացնի: Քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության բաժինը ձմեռային սպասարկման համար դեռ սեպտեմբերից է պատրաստվել՝ կուտակել անհրաժեշտ քանակի աղ ու ավազ, բահ ու բանվորական ձեռնոց:

Այս մասին նոյեմբերի 22-ին ասուլիսի ժամանակ նշեց քաղաքապետարանի բնակկոմունալ ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը: «Ձեռք ենք բերել հազար խորանարդ մետր պեմզա, 30 տոննա աղ, ապահովվել ենք անհրաժեշտ քանակի բահեր, թիակներ և ձեռնոցներ: Նախապատրաստել ենք նաև տեխնիկան»,-նշեց Կնյազ Մանասյանը՝ փաստելով, որ խոսքը վերաբերում է ընդհանուր 20 միավոր տեխնիկայի, չնայած քաղաքում տեխնիկայի անհրաժեշտություն էլի կա՝ հաշվի առնելով մեքենաների մաշվածությունը:

Գյումրին ունի հատկապես մեծ աղբատար մեքենաների կարիք: Տեխնիկան քիչ է, բայց ռացիոնալ կօգտագործվի՝ վստահեցրեց պատասխանատուն: «Բաժնի կողմից իրականացվել է մեքենաների տեղաբաշխում ըստ փողոցների, յուրաքանչյուրին ամրացված է բանվորական ուժը և հաստատված գրաֆիկը, որևէ խնդիր չենք ունենա, իսկ անհրաժեշտության դեպքում, սահմանված է հերթապահություն, որն անհրաժեշտության դեպքում, մաքրման աշխատանքներ կիրականացնի ցանկացած պահի:

Այս տարի ավելի շատ ուշադրություն կդարձնենք նաև մայթերին»,-վստահեցրեց պատասխանատուն՝ հավելելով, որ բանվորական ուժի պակաս ևս չունեն: Անցած տարի ուժեղ ցրտերի պատճառով աղբահան մեքենաների մի քանի վարորդ հրաժարվեց աշխատանքից, այս տարի դա բացառելու համար, բաժինը նախապատրաստու է նաև լրացուցիչ վարորդների՝ անհրաժեշտության դեպքում փոխարինելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին