Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ու Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ում

22 Նոյեմբեր, 2017 18:25
Արայիկ Հարությունյանն ու Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, նոյեմբերի 21-ին, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ միասին, մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայի խորհրդարանականների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: 

Այցելելով Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան՝ պատվիրակությունը հանդիպել է թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին և թեմի խորհրդի անդամներին: Կողմերը քննարկել են նոյեմբերի 23-ին կայանալիք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի, ինչպես նաև՝ Արցախի զարգացման ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել թեմի մասնակցությունն ազգային նշանակության նախաձեռնություններում՝ վստահություն հայտնելով, որ Արցախի հանդեպ ուշադրությունը շարունակական բնույթ է կրելու ապագայում ևս:

Պատվիրակությունն այնուհետև հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամներ Ադրին Նազարյանին և Լաուրա Ֆրիդմանին, ինչպես նաև՝ Լոս Անջելեսի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավար Արամ Սահակյանին: Ա. Հարությունյանը կարևորել է Կալիֆորնիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման ակտը և կողմերի միջև գործնական կապերի ամրապնդումը՝ շեշտադրելով ասամբլեայի անդամների և հայկական համայնքի նշանակությունն այդ գործում: Հաշվի առնելով Կալիֆորնիայի օրենսդիրների Արցախ վերջին այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները՝ պետնախարարը նրանց հետ քննարկել է դրանց իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնելու ձևավորված փոխգործակցությունը և քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Երեկոյան Արցախի պատվիրակությունը մասնակցել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած ընդունելությանը, որտեղ ներկա էին նաև Կալիֆորնիայի նահանգային և ՏԻՄպաշտոնյաներ, հայկական համայնքի և հոգևոր դասի ղեկավարներ: Ա. Հարությունյանն իր խոսքում ներկայացրել է Արցախի ընթացիկ ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ ընդգծելով, որ, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի շարունակական աջակցության շնորհիվ, տարիների ընթացքում նշանակալի ձեռքբերումներ են գրանցվել հանրապետության անվտանգության ու զարգացման ճակատներում: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերակատարումը համազգային ներուժի համակարգման և արդյունավետ իրացման հարցում՝ հորդորելով ներկաներին գործուն աջակցություն ցուցաբերել նաև այս տարվա հեռուստամարաթոնին: 

Միջոցառման ընթացքում պետնախարարը «Երախտագիտություն» մեդալ է փոխանցել համայնքի ակտիվ անդամ Միքայել Մինասյանի ընտանիքին, ով պարգևատրվել է հետմահու՝ Արցախի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում ունեցած ակտիվ մասնակցության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին