Կարևոր իրադարձություններ

Եթե Հայաստանը չտա համարժեք քաղաքական արձագանք, ապա պատմությունը կրկնվելու է. «Ժամանակ»

22 Նոյեմբեր, 2017 09:32
Եթե Հայաստանը չտա համարժեք քաղաքական արձագանք, ապա պատմությունը կրկնվելու է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշում, թե ում արձանը դնի, իսկ ում արձանը՝ ոչ: Շարմազանովի հայտարարությունը վերաբերում է ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքով հեռարձակված եւ աղմուկ հանած հայտնի հաղորդմանը, որում հաղորդավարուհին ֆաշիզմին աջակցող է որակել Նժդեհին, նրա արձանի տեղադրումը, փաստորեն, համարելով ֆաշիզմի դրսեւորում: Հաղորդմանը նաեւ ակնարկ է եղել ՀՀԿ տարբերանշանի, այսպես ասած, ֆաշիստականության մասին, եւ իհարկե՝ ագրեսիվ բնորոշումը Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որ պատրաստվում է ստորագրման նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Ինչպես հայտնի է, հաղորդումը հեռուստաալիքը հեռացրել է համացանցից, իսկ հեռուստաընկերության ղեկավարն էլ ներողություն է հայցել ՌԴ-ում Հայաստանի դեսպանից: Սակայն ընդամենն այդքանը, եւ ռուսական կողմից չի եղել որեւէ պարզաբանում եւ բացատրություն, թե ինչպես է այդպիսի բանը հնարավոր եղել: Եվ ամենակարեւորը՝ Հայաստանի պետականությանը վիրավորանքը հասցվել է հրապարակավ, եթերում, իսկ ներողությունը դրա համար՝ ընդամենը նամակով, որն էլ միայն հայկական կողմն է հնչեցնում: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ խոսքը ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող հեռուստաալիքի մասին է:

ՀՀԿ խոսնակը միանգամայն համարժեք է աձագանքում կատարվածին՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է: Սակայն համարժեք միայն, այսպես ասած, բարոյական հարթության վրա, որովհետեւ քաղաքական տեսանկյունից հարցը, մեղմ ասած, մնում է բաց: Ընդ որում՝ այդ բացն ամենեւին նոր չէ:

Բանն այն է, որ երբ Հայաստանում տեղադրվում էր Նժդեհի արձանը, այն բնորոշումը, որ տվել է դրան «Զվեզդա» հեռուստաալիքի աղմկոտ հաղորդումը օրերս, հնչել էր այն ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի շուրթերից: Ի պատասխան, ՀՀԿ-ն արձագանքեց չափազանց զգուշավոր, իսկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք, այսպես ասած, պատմական տեղեկանք են պատրաստել եւ ուղարկել Զախարովային, որ նա տեղեկանա, թե իրականում ով է Նժդեհը: Այսինքն՝ ՀՀԿ-ն այն ժամանակ գտավ, այսպես ասած, հնարքը եւ ամեն ինչ վերագրեց Զախարովայի պատմության չիմացությանը: Այն ժամանակ չհնչեց հստակ եւ միարժեք քաղաքական արձագանք, չցուցաբերվեց համարժեք վերաբերմունք:

Եվ ահա արդյունքը՝ իհարկե այլեւս չի խոսում ԱԳՆ խոսնակը, բայց Նժդեհին տրված բնորոշումը կրկնվում է ոչ պակաս հնչեղ հարթակում՝ ՊՆ սեփականությունը հանդիսացող հեռուստաալիքում:

Պետք չէ կասկածել, որ եթե Հայաստանը չտա համարժեք քաղաքական արձագանք՝ մնալով լոկ բարոյական տիրույթում, ապա պատմությունը կրկնվելու է երրորդ անգամ, այլ առիթով: Ընդ որում՝ բանն այստեղ այն չէ լոկ, որ Ռուսաստանի իշխանությունն այդպես ինչ-որ բան է հասկացնում Հայաստանին: Եվ ոչ էլ գուցե Զախարովայի հայտարարության ժամանակ էին հասկացնում ինչ-որ բան, անում ինչ-որ ակնարկ: Ավելին, եթե բանը լիներ հենց դա, ապա իրավիճակը գուցե այդքան էլ վատ չլիներ կամ չթվար, քանի որ դա կնշանակեր, որ Ռուսաստանը չի կարողանում պարզապես վարչահրամայական, այսպես ասած, կուլիսային մեթոդով սաստել Հայաստանին եւ դիմում է նմանօրինակ մեսիջների: Խնդիրն այն է, որ թե՛ Զախարովայի, թե՛ «Զվեզդայի» դեպքում գործ ունենք պարզապես Հայաստանի հանդեպ վերաբերմունքի, ռուսական իշխանական միջանցքներում Հայաստանի, այսպես ասած, ոչ պատշաճ լրջությամբ ընկալման հետ, երբ ըստ էության՝ միջին մակարդակի չինովնիկը կամ գերատեսչական հեռուստաալիքը կարող է նմանօրինակ, այսպես ասած, անփութություն կամ անբռնազբոսություն թույլ տալ մի պետության նկատմամբ, որը ունի նաեւ ՌԴ ռազմավարական դաշնակցի կարգավիճակ:

Ահա այստեղ է խնդիրը եւ այդ հարթության վրա է, որ լուծում է պահանջում: Ըստ այդմ՝ լուծումը անկասկած այն չէ, թե ինչ կասի Հայաստանը տաք կամ թարմ հետքով, ինչպես կշշպռի անցանկալի եւ անհարգալից դրսեւորման հեղինակին կամ պատասխանատուին: Ակնհայտ է նաեւ, որ այդ խնդիրը զգալիորեն կախված է նաեւ այն հանգամանքից, թե ինչպես է Հայաստանին վերաբերվում հենց Հայաստանի իշխանությունը, ինչպես է՝ Հայաստանի կառավարող էլիտան իր գործունեությամբ եւ մոտեցումներով վերաբերվում պետությանն ու պետականությանը, հարգում սեփական քաղաքացիներին եւ շահերը:

Միեւնույն ժամանակ, կասկածից վեր է, որ Ռուսաստանում Հայաստանի վարկի, ռուսական թե՛ քաղաքական իսթեբլիշմենթում, թե՛ իշխանական միջանցքներում, թե՛ հասարակական-քաղաքական միջավայրի այլ հարթակներում Հայաստանը պատշաճ ընկալման խնդրի լուծումը, դրա ապահովումը ոչ միայն Հայաստանի իշխանության, այլ նաեւ Ռուսաստանի հայ համայնքի, այսպես ասած՝ էլիտայի, ռուսաստանահայ մտավորականների եւ կապիտալիստների խնդիրն է: Եթե նրանք հարգեն հայկական պետականությունը, Հայաստան պետությունը, ապա գործնականում բացառվում է անհարգալից վերաբերմունք ՌԴ իշխանության որեւէ շերտում, առավել եւս գերատեսչական լրատվամիջոցներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին