Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում ամերիկացի զինծառայողներին արգելել են ալկոհոլ օգտագործել

21 Նոյեմբեր, 2017 23:05
Ճապոնիայում ամերիկացի զինծառայողներին արգելել են ալկոհոլ օգտագործել

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունն արգելել է Ճապոնիայում տեղակայված իր զորքերին օգտագործել ալկոհոլային խմիչքներ: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Օկինավայի կղզում տեղի է ունեցել խոշոր ավտովթար ամերիկյան զինվորների մասնակցությամբ, որի արդյունքում գրանցվել է մարդկային զոհ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Օկինավայի կղզում է տեղակայված Ճապոնիայում ամերիկյան զորքերի զգալի մասը: Տեղի ազգաբնակչության վերաբերմունքն ամերիկյան ռազմական ներկայությանը միանշանակ չէ:

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը տարածել է հայտարարություն, ուր հաստատել է, որ իր զինծառայողներից մեկը ներգրավված էր ավտովթարում, և ալկոհոլը կարող է հանդիսանալ որպես ավտովթարի պատճառ: Ռազմական գերատեսչությունը նաև նախաձեռնել է մի շարք դասընթացներ Ճապոնիայում իր բոլոր զինծառայողների համար, ուր կքննարկվեն ալկոհոլի օգտագործման ու համապատասխան վարքագիծ դրսևորելու հետ կապված թեմաներ:

՝՝Ռոյթերս՛՛ գործակալության հաղորդմամբ, Ճապոնիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ ավտովթարի ենթարկված ամերիկացի զինծառայողի արյան մեջ ալկոհոլի բաղադրությունը երեք անգամ գերազանցել է ընդունված օրինական չափը: Նա ձերբակալված է փոխադրամիջոցի անզգույշ վարման համար, որը հանգեցրել է մարդու մահվան:

Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Օկինավայում պայմանավորված է երկու երկրների միջև կնքված անվտանգության պայմանագրով։ : Այստեղ է գտնվում 26 հազար ամերիկացի զինծառայող: Այս պահին ընթանում են քննարկումներ՝ կապված Օկինավայից զինծառայողների որոշ հատվածի դուրսբերման մասին:

Հայտնի է, որ տեղի ազգաբնակչությունը պահանջում է նաև դուրս բերել այնտեղ տեղակայված ռազմաօդային ուժերի ռազմակայանը: Տեղի ազգաբնակչությունը մտահոգված է ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող միջադեպերով ամերիկյան զինծառայողների մասնակցությամբ, ներառյալ քրեական բնույթ կրող հանցագործություններով:

Դժգոհություններն ամերիկյան ռազմական ներկայության վերաբերյալ զգալիորեն աճել են հատկապես 1995 թվականի միջադեպից հետո, երբ ամերիկացի զինծառայողները բռնաբարել էին 12 ամյա մի աղջնակի: 2016 թվականին գրանցված մեկ այլ միջադեպի արդյունքում, երբ ռազմակայանում աշխատող նախկին զինծառայողներից մեկը սպանել էր տեղացի մի կնոջ, զինծառայողներին ժամանակավորապես արգելել էին ալկոհոլային խմիչքների օգտագործումն ու այլ սահմանափակումներ կիրառել ռազմակայաններում:

 

Լրահոս

Դիտել ավելին