Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն ու մոնթեականներն անելու են ամեն ինչ, որ վարժարանը դառնա երկրի լավագույն կրթահամալիրը. Վիգեն Սարգսյան

21 Նոյեմբեր, 2017 22:05
ՊՆ-ն ու մոնթեականներն անելու են ամեն ինչ, որ վարժարանը դառնա երկրի լավագույն կրթահամալիրը. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է`կրթությունն ընդհատած ու հայկական զինված ուժերում ծառայության անցած հրամանատար Մոնթե Մելքոնյանի ամենամեծ բերկրանքը կլիներ այն, որ իր անունով վարժարանը վաղվա սպայակազմի դարբնոց է դարձել: Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարեց նախարարը` հավելելով, որ վարժարանի համար ընտրված «Ճանապարհ դեպի բարձունք» կարգախոսն առավել քան խոսուն է: «Թեև այս վարժարանը գտնվում է բարձունքի վրա, սա, սիրելի մոնթեականներ, սկիզբն է այն ճանապարհի, որ բոլորս միասին ու, առաջին հերթին, դուք պետք է անցնենք մինչև բարձունք»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա հիշեց, որ մեկ տարի առաջ այս օրերին որպես պաշտպանության նախարար այցելեց դեռևս Երևանում գործող ռազմամարզական վարժարան ու ծանոթացավ երկրին ծառայելու վստահությամբ լցված երիտասարդների վարժանքներին և ուսումնական գործընթացին: Հենց այդ օրն էլ, վերադառնալով նախարարություն, հղացավ գաղափարը, որ այդ ուղին ընտրած երիտասարդներն արժանի են լավագույն պայմաններին: «Ես այսօր ուզում եմ բոլոր մոնթեականների անունից շնորհակալություն հայտնել գերագույն գլխավոր հրամանատարին գաղափարը միանգամից սատարելու, կիսելու և անիրականանալի թվացող այս միտքը իրականություն դարձնելու համար»,-նշեց պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով`հաշված ամիսների ընթացքում բազմաթիվ մարդկանց շարունակական ու հետևողական ջանքերով համալիրը հարմարեցվեց ռազմամարզական վարժարանի սաների համար: Նախարար Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Պետական եկամուտների կոմիտեին, որը կիսակառույց համալիրը բանակին փոխանցելուց զատ շարունակեց աջակցել այն վերջնական փուլի բերելու հարցում: Շնորհակալական խոսքերի արժանացան նաև «Այբ կրթական հիմնադրամը, «Թումո» կենտրոնն ու Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: «Շենքը վարժարան չի դառնա առանց բովանդակության: «Այբ» հիմնադրամն, ընդառաջ գալով մեր առաջարկին, ձեռնամուխ եղավ այս վարժարանի կրթական բովանդակության բարձրագույն չափանիշներին համապատասխանեցմանը: Շնորհակալություն նաև մանկավարժական կոլեկտիվի, նոր ընդունվող սաների ընտրության գործընթացում հետևողական աշխատանքի, այնուհետև հոգաբարձության կազմում ներգրավվելու համար»,-ասաց նախարարը: Նրա խոսքով` «Թումո»-ն էլ միացավ արտագնա առանձին հաստատությունում կենտրոն հիմնադրելու գաղափարին, իսկ գեղարվեստի պետական քոլեջը ոչ միայն վարժարանին նվիրեց իր սաների աշխատանքներից, այլև այնտեղ պարբերաբար անց է կացնում հայոց արվեստին ու մշակույթին նվիրված դասընթացներ:
«Շնորհակալություն բոլորին, ովքեր հավատացին ու կանգնեցին գաղափարի կողքին: Մոնթեականներն ու պաշտպանության նախարարությունն անելու են ամեն ինչ, որ այս վարժարանը տարեց տարի գրավի երկրի լավագույն կրթահամալիրի, լավագույն հանրային ավագ դպրոցի համբավը»,-եզրափակեց ՊՆ Վիգեն Սարգսյանը:

 

Նոյեմբերի 25-ին Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 60 տարեկան:

 

Լրահոս

Դիտել ավելին