Կարևոր իրադարձություններ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագիծը

21 Նոյեմբեր, 2017 16:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագիծը

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանձնաժողովականներին է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Նա նշել է, որ նախագծի նպատակը հիմնականում համապատասխանեցումն է ՀՀ Սահմանադրությանը: Օրենքի նախագծի երկրորդ հոդվածում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ փորձագիտական հիմնարկները, դատագենետիկական փորձաքննությունն ավարտելուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր են էլեկտրոնային եղանակով եւ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոստիկանությանը տրամադրել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը: Նշվում է, որ ԴՆԹ բնութագրերի փոխանցման, մշակման եւ հաշվառման էլեկտրոնային համակարգերը պետք է ունենան ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ: Նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի հուլիսի 17-ին՝ Լյուքսեմբուրգում եւ Բրյուսելում: Համաձայնագրով սահմանվում է ՀՀ եւ ՆՍՊՕ-ի` ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ համագործակցության աջակցման իրավական շրջանակը: Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվեն «ՀՀ եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվող առաջին ծրագիրը ՆԱՏՕ-ի «Վստահության» հիմնադրամի շրջանակներում դոնոր երկրի՝ Գերմանիայի ֆինանսավորմամբ, եւ «Աջակցության» կազմակերպության համակարգմամբ ՀՀ-ում պիտանելիությունից դուրս եկած ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության, ռազմական տեխնիկայի ապառազմականացման, ապամոնտաժման, ինչպես նաեւ ականների վերաբերյալ իրազեկման, եւ կրթական ծրագրի շուրջ 1,3 մլն եվրո արժողությամբ ծրագիրն է: Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդգծել է նախագծի կարեւորություն եւ նշել, որ Հայաստանի շահերից է բխում ազատվել շահագործման ոչ ենթակա սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջոցներից: Համաձայնագիրն ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է 2017 թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» եւ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմաներով խորհրդարանական լսումների արդյունքների արձանագրությունները: 

 

Լրահոս

Դիտել ավելին