Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը խորը սիմվոլիկ նշանակություն ունի. Էդվարդ Նալբանդյան

21 Նոյեմբեր, 2017 15:16
Ռուսաստանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը խորը սիմվոլիկ նշանակություն ունի. Էդվարդ Նալբանդյան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը խորը սիմվոլիկ նշանակություն ունի: Այս մասին այսօր Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

«Այս տարի մենք նշում ենք մի շարք կարևոր, մեզ համար նշանակալից տարեթվեր: Ապրիլին լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը, իսկ օգոստոսին մենք նշեցինք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրի 20-ամյակը:

Տարվա ընթացքում այդ հոբելյանական տարեթվերին նվիրված մի շարք միջոցառումներից առաջինը տեղի ունեցավ փետրվար ամսին, երբ մենք պարոն Լավրովի հետ Մոսկվայում արխիվային փաստաթղթերի ցուցահանդես բացեցինք:

Այդ ժամանակ, իմ պաշտոնական այցի ընթացքում, մենք համաձայնեցրեցինք վերոհիշյալ տարեթվերին նվիրված մի շարք միջոցառումների անցկացումը: Ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են: Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվում է «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» մասշտաբային պատմավավերագրական ցուցահանդեսը:

Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների գրեթե ամբողջ շրջանակը:

Մանրամասնորեն անդրադարձանք այս տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի Նախագահների երկկողմ ձևաչափով կայացած երեք հանդիպումների արդյունքներով ձեռք բերված բարձր քաղաքական պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Մեր երկրների ղեկավարներն ընթացիկ տարում մի քանի անգամ հանդիպել են նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի գծով կազմակերպված գագաթաժողովների շրջանակներում:

Մեր երկկողմ համագործակցությանը լրացուցիչ խթան են հաղորդել մեր երկրների խորհրդարաննների և կառավարությունների ղեկավարների պաշտոնական փոխայցելությունները:

Իմ գործընկերջ հետ գոհունակությամբ արձանագրեցինք տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացումը, երկկողմ առևտրաշրջանառության աճը, այդ գործընթացներում երկու երկրների տարածաշրջանների ավելի խորը ներգրավվումը:

Մենք հագեցած հումանիտար կապեր ունենք: Անցած տարի հաջողությամբ անցկացվեցին Ռուսաստանի օրերը Հայաստանում: Բառացիորեն օրերս մեր երկրների ղեկավարները Տրետյակովյան պատկերասրահում ազդարարեցին Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի մեկնարկը:

Հանգամանալից քննարկեցինք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ բազմակողմանի միջազգային հարթակների շրջանակներում մեր գործողությունների համադրման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, մեր տարածաշրջանում անվտանգության հարցերը:

Հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին՝ ուղղված 2016-2017թթ. ղարաբաղյան խնդրի շուրջ Վիենայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ ուղղված իրավիճակի լարվածությունը կանխելուն, հրադադարի մասին եռակողմ համաձայնագրերի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության նվազեցման նպատակով լրացուցիչ միջոցառումների ձեռնարկմանը և բանակցային գործընթացի ակտիվացմանը:

Մեր բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, ինչը և բնական է դաշնակից երկրների համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին