Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը Ֆրանսիայում մասնակցել է Ալֆորվիլ քաղաքի և Բերձորի միջև բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը

21 Նոյեմբեր, 2017 10:35
Բակո Սահակյանը Ֆրանսիայում մասնակցել է Ալֆորվիլ քաղաքի և Բերձորի միջև բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին ժամանել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաք և մասնակցել Ալֆորվիլի ու Բերձորի միջև բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը:

Իր խոսքում Սահակյանը բարեկամության հռչակագրի ստորագրումը որակել է որպես Արցախի համար նշանակալի իրադարձություն քաղաքական, իրավական ու բարոյական տեսանկյուններից, ինչը, առաջին հերթին, բարեկամ երկրի՝ Ֆրանսիայի հետ կապերի ամրապնդման և զարգացման կարևոր հիմքերից է:

«Ֆրանսիայի և նրա վարչական շրջանների հետ փոխգործակցությունը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, և քույր քաղաքների ցանկի ու աշխարհագրության ընդլայնումը, նրանց հետ կապերի խորացումը այս քաղաքականության առանցքային բաղադրամասերից է»,- իր ելույթում ընդգծել է երկրի ղեկավարը:

Արցախի նախագահի խոսքով՝ Ալֆորվիլ քաղաքի հետ փոխգործակցության ընթացքում արդեն իսկ արձանագրվել են հիշատակման արժանի դրվագներ, և այս համատեքստում Բակո Սահակյանը նշել է 2016 թվականի սեպտեմբերին քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակության այցն Արցախ և Ապրիլյան պատերազմի օրերին Ալֆորվիլում տեղի ունեցած բազմամարդ ցույցը՝ ի սատարումն Արցախի ու ընդդեմ ադրբեջանական բռնությունների:

Արցախի Հանրապետության Նախագահը նշել է, որ այս ամենը ողջ աշխարհին ցույց տվեց ագրեսիայի անընդունելի լինելը քաղաքակիրթ հանրության համար:

«Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր Արցախի հետ են, ովքեր պայքարում են հանուն ազատության և հավասարության, մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության: Դա խիզախ և ընդօրինակման արժանի պահվածք է»,- շեշտել է Նախագահ Սահակյանը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ալֆորվիլի և Բերձորի համագործակցությունն ունի խոստումնալից հեռանկարներ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ուժերով հաջողվելու է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին