Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Գուցե Մոսկվային Վիգեն Սարգսյանի ա՞յցն է անհանգստացրել. «Ժամանակ»

21 Նոյեմբեր, 2017 09:07
Գուցե Մոսկվային Վիգեն Սարգսյանի ա՞յցն է անհանգստացրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում հանրային մեծ ուշադրության եւ աղմուկի պատճառ է դարձել ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի կիրակնօրյա, այսպես ասած, վերլուծական թողարկումը, որտեղ կարճ, սակայն բավականին խոսուն եւ ըստ էության ագրեսիվ ու սպառնալից տոնայնությամբ անդրադարձ կար Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի սպասվող ստորագրմանը: «Զվեզդա»-ի, այսպես ասած, վերլուծականը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասով «զուգահեռ» էր տանում Ուկրաինայի հետ, միաժամանակ նաեւ անդրադառնում Գարեգին Նժդեհին, նրա արձանի տեղադրմանը՝ ներկայացնելով դա որպես ֆաշիզմին աջակցողին, այսպես ասած, պատվում եւ վիրավորանք հայ ժողովրդի հասցեին, որը կռվել է ֆաշիզմի դեմ: Այդ սլաքով էլ, այսպես ասած, «կասկածելիի» կնիք է դրվում ՀՀԿ-ի վրա, առնվազն դրա որոշ ներկայացուցիչների:

«Զվեզդա»-ի անդրադարձը իսկապես հետաքրքիր շերտեր է պարունակում եւ արժանի է ուշադրության հատկապես մի քանի պատճառով: Նախ՝ խոսքը վերաբերում է մի հեռուստաալիքի, որի հաղորդավարուհին ՌԴ իշխող կուսակցության, այսպես ասած, ոչ շարքային անդամ է: Տվյալ հեռուստաալիքի սեփականատերն էլ ՌԴ պաշտպանության նախարարությունն է: Բացի այդ, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, այսպես ասած, հակառուսական եւ գրեթե «ֆաշիստական» Հայաստանի ոչ բարեկամական կամ ոչ դաշնակցային քայլ է ներկայացվում, այսպես ասած, հակաարեւմտյան հաղորդման միջակայքում:

Իրականում ակնհայտ է, որ ոչ թե Հայաստան-ԵՄ համաձայնագիրն է ոչ բարեկամական կամ ոչ դաշնակցային քայլ ՌԴ-ի դեմ, այլ լիովին հակառակը՝ այդօրինակ հաղորդումներն են ոչ բարեկամական եւ ոչ դաշնակցային քայլ Հայաստանի դեմ: Ընդ որում, հերթական քայլը, որը միգուցե իր անմիջական սպառնալիքի տեսանկյունից հավասարազոր չէ Ադրբեջանին մի քանի միլիարդ դոլարի մահաբեր սպառազինության վաճառքին, բայց ոչ պակաս աջակցություն է Ադրբեջանին Հայաստանի դեմ գործողություններում:

Ի դեպ, ուշագրավ է, որ Հայաստանի եվրաինտեգրացիան հակառուսականության ներքո ներկայացնող հեռուստաալիքը որեւէ անգամ չի անդրադարձել Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինության վաճառքի եւ Հայաստանի համար դրա, մեղմ ասած, ռիսկերի խնդրին՝ իր սեփականատեր գերատեսչությանը հորդորելով չանել այդպիսի քայլեր դաշնակից Հայաստանի դեմ:

Այս ամենը, սակայն, արդեն թերեւս չունի թե՛ Հայաստանի հանրության, թե՛ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերության համար ավելորդ, լրացուցիչ բացատրության եւ մեկնաբանության կարիք: Այս ամենը եւս մեկ անգամ ակնհայտ է դարձնում այն, որ այդ հարաբերությունն ունի ուղղակի լրջագույն ախտորոշման եւ ապաքինման կարիք, քանի որ միայն հիվանդ, անառողջ դաշնակցությունը կարող է ունենալ այդպիսի պարբերական դրսեւորումներ:

Միաժամանակ ակնհայտ է նաեւ, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն հակադաշնակցային քայլ չէ Հայաստանի կատարմամբ, այլեւ համաձայնագրի թե մշակման, թե բանակցման գործընթացում Հայաստանը հաշվի է առել դաշնակցային բոլոր համաձայնություններն ու դաշնակցի շահերը՝ չթողնելով, այսպես ասած, սեպարատ տպավորության որեւէ տեղ:

Այլ հարց է, թե ՌԴ պաշտպանական գերատեսչության ալիքի հակահայկական դրսեւորումների համար ով է պատասխանատու՝ արդյո՞ք հենց ՌԴ ՊՆ-ն, թե՞ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում իրավիճակն այն աստիճան անվերահսկելի է, որ այդ պատասխանատվությունը կարող է հանգիստ ստանձնել նաեւ Ադրբեջանը կամ թեկուզ ԻԼԻՊ-ը:

Այս ամենում ուշագրավ է մեկ այլ բան, որը համենայնդեպս դուրս է մնում լայն ուշադրությունից: Խիստ հետաքրքրական է, որ ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող հեռուստաալիքով հակահայկական այդ դրսեւորումը տեղի է ունենում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ ու Կանադա կատարած այցին զուգահեռ, այցի ավարտից գրեթե անմիջապես հետո: Ըստ այդմ՝ նվազագույնը հարց է ծագում, թե արդյոք Հայաստանի պաշտպանության նախարարի այդ ա՞յցն է անհանգստություն առաջացրել ՌԴ պաշտպանության նախարարությունում՝ դառնալով, այսպես ասած, Հայաստանի հանդեպ դեմարշի պատճառ: Համենայնդեպս ակնհայտ է, որ տեղի ունեցածը չի կարող լինել լոկ խմբագրական քաղաքականության տարր, որը կապ չունի մեծ քաղաքականության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին