Կարևոր իրադարձություններ

«ՎիվաՍել»-ը չի զիջել Հերմինե Նաղդալյանի ահռելի ծախսը. ընկերությունը հերքում է ԱԺ-ին. «ՀԺ»

18 Նոյեմբեր, 2017 09:40
«ՎիվաՍել»-ը չի զիջել Հերմինե Նաղդալյանի ահռելի ծախսը. ընկերությունը հերքում է ԱԺ-ին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություն մատուցող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը հերքում է ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի այն հայտարարությունը, թե իբր ընկերությունը զիջել է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսային ծառայությունների վճարը:

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը aysor.am-ի հետ զրույցում փորձել էր հերքել «Հայկական ժամանակ»-ի այն տեղեկությունը, թե ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի պարտք է կուտակել բջջային հեռախոսային խոսակցությունների համար, որը վճարվել է պետբյուջեից։ «2 մլն դրամը՝ չհիմնավորված բամբասանք է: Նման գումար չի եղել: Դեռևս մայիսին Հ. Նաղդալյանի բջջային հեռախոսի համար եղել է խոշոր գումար, որը ԱԺ աշխատակազմի կողմից վիճարկվել է: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքը առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար՝ չկար և անհրաժեշտություն փոխհատուցման պահանջ ներկայացրելու», – ասել էր Ա. Բաբայանը:

««ՄՏՍ Հայաստան» ընկերությունն իր բոլոր բաժանորդներին, լինեն դրանք անհատներ, կազմակերպություններ կամ պետական մարմիններ,  ծառայություններ է մատուցում համապատասխան պայմանագրերի և դրանցում ամրագրված պայմանների, այդ թվում՝ սակագների, հիման վրա: Մատուցված ծառայությունների համար հաշիվներ են տրվում և վճարումներ են ընդունվում այդ նույն պայմանագրերով և գործող իրավական ակտերով սահմանված կարգով:

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, Ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ Ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել Ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից»:

 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին