Կարևոր իրադարձություններ

Ընտանեկան բռնության օրինագծի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում. «ՀԺ»

18 Նոյեմբեր, 2017 09:09
Ընտանեկան բռնության օրինագծի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի նախագիծը, որը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ ու նաեւ հանդիպեց որոշ շերտերի անհամաձայնությանն ու քննադատությանը, ենթարկվել է փոփոխությունների:

Փոփոխություն է կրել նաեւ օրինագծի վերնագիրը: Նախկինում այն կոչվում էր. «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծ, այժմ ունի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը:

Սա նույնպես բողոքի տեղիք է տվել: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպությունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշել էր.

«Դեռեւս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության։ Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որեւէ սահմանում չունի եւ հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձեւակերպումների հետ։ Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ի սկզբանե բարձրաձայնել է նախագծում տեղ գտած մի շարք խնդիրների մասին, սակայն այժմ, նմանատիպ՝ կոնցեպտուալ, գաղափարական եւ մարդու իրավունքների հիմնադրույթներն անտեսող փոփոխություններից հետո, իր անհամաձայնությունն է հայտնում նման նախագծի առնչությամբ»:

ՀՀ արդարադատության նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչով է պայմանավորված օրենքի նախագծի վերնագրի փոփոխությունը ու նաեւ ինչ էական տարբերություններ կան նոր օրինագծում՝ նախորդի համեմատությամբ:

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ի պատասխան փոխանցեց.

«Ինչպես գիտեք, նախագծի նախնական տարբերակը ներկայացվել էր հանրային քննարկման, որի ընթացքում եղան բազմաթիվ հանդիպումներ, հրապարակումներ՝ զանգվածային լրատվության միջոցներում, խորհրդարանական լսումներ: Չնայած նրան, որ եղան նաեւ նախագծի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու փորձեր, անտեղի շահարկումներ՝ այդուհանդերձ, հանրային քննարկումը կարող ենք համարել հաջողված, քանի որ քննարկման ընթացքում վեր հանվեցին նախագծի հետ կապված հանրությանը հուզող խնդիրներն ու մտահոգությունները, ստացվեցին առաջարկություններ, որոնց մի մասը  օգտակար եղան նախագծի բարելավման համար: Ու այս ամենի հիման վրա, նախագծում որոշակի շտկումներ կատարեցինք: Արդյունքում, որոշակի փոփոխության ենթարկվեց նախագծի անվանումը, վերնագրում ավելացվեց նաեւ ընտանիքի համերաշխության վերականգնման հիշատակումը, որի վերաբերյալ համապատասխան կարգավորումներ ի սկզբանե պարունակվում էին նախագծում:

Ի սկզբանե նախագիծը նախատեսել էր նաեւ այնպիսի ընթացակարգ, ինչպիսին է հաշտեցումը, որը կարող է կիրառվել պաշտպանական միջոցների գործողության ընթացքում: Բացի դրանից, օրինագծով նաեւ նախատեսվում է, որ սոցիալական, հոգեբանական եւ այլ աջակցությունը պետք է ցուցաբերվի ինչպես ընտանիքում բռնությունից տուժածին, այնպես էլ ընտանիքում բռնություն գործադրած անձին: Եվ այս առումով վերնագիրն ընդամենը շտկվել է, որպեսզի առավել ճշգրիտ արտացոլի օրենքի բովանդակությունը: Իհարկե, որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ դրա հետ կապված իրենց դժգոհությունն են արտահայտում, բայց, մեր համոզմամբ, օրենքի նշանակությունը պետք է պայմանավորված լինի ոչ այնքան վերնագրով, որքան առաջարկվող իրավական կարգավորումների արդյունավետության ապահովմամբ: Օրենքի նախագիծը բարելավվել է՝ ավելի են հստակեցվել այն կառուցակարգերը, այն մեխանիզմները, որոնք պետք է գործադրվեն ընտանիքում բռնության կանխարգելման եւ դրանից տուժածների պաշտպանության համար:

Հին օրինագծի համեմատությամբ փոփոխությունների օրինակներ պարզել չհաջողվեց. փոխնախարարը քննարկումների էր մասնակցում եւ զբաղված էր: Այդուհանդերձ, ոչ պաշտոնական զրույցում նախարարությունից ասում էին, որ փոփոխություններն առանձին բառերի ու փոքր ձեւակերպումների մակարդակով են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին