Կարևոր իրադարձություններ

Վարչապետի պաշտպանության փորձ ՀՀԿ-ն գրեթե չի անում. «Ժամանակ»

17 Նոյեմբեր, 2017 10:25
Վարչապետի պաշտպանության փորձ ՀՀԿ-ն գրեթե չի անում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության գործունեության հանդեպ Ծառուկյան դաշինքի կոշտ քննադատությունը, որ առանձնակի ինտենսիվություն է ստացել վերջին մի քանի օրերին, համենայն դեպս առայժմ անցնում է բավականին հետաքրիր մի հանգամանքի «ուղեկցությամբ»՝ ՀՀԿ լռության, կամ թեկուզ հարաբերական լռության: Համենայն դեպս ակնհայտ է, որ Հանրապետականները եթե անգամ փորձում են պաշտպանել կառավարությանը կամ վարչապետին, ապա այդ փորձը նույնքան ակնհայտորեն խիստ անհամարժեք է այն սրությանը, որով Ծառուկյան դաշինքը քննադատության է ենթարկում Կարեն Կարապետյանին: Այդ սրության համեմատ, վարչապետի պաշտպանության փորձ ՀՀԿ-ն գրեթե չի էլ անում:

Ավելին, մամուլն արձանագրել է մի հատկանշական բան՝ կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՀՀԿ խմբակցության աթոռները գրեթե դատարկ էին, այսինքն ՀՀԿ խմբակցությունը դահլիճում չէր, իսկ ահա Ծառուկյան դաշինքը ուղղակի սուր եւ կոշտ հարցերի ու ըստ էության գրեթե կիսաելույթների տարափ էր տեղում վարչապետի գլխին: Իսկ հաշվի առնելով այն, որ դաշինքը այսպես ասած գրոհը սկսել էր նախորդ օրը, դժվար չէր կանխատեսել, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ գրոհը շարունակվելու էր: Եթե ՀՀԿ խմբակցության մեծ մասը չի գալիս հարցուպատասխանին, դա նշանակում է, որ Ծառուկյան դաշինքի համար պարզապես բաց են թողնում ճանապարհը դեպի Կարեն Կարապետյան, թույլ տալով տեղալ հարցերի այն տարափը, որն էլ տեղի ունեցավ հարցուպատասխանի ընթացքում:

Բանն այն է, որ կանխատեսելով գրոհի ինտենսիվ շարունակությունը, ՀՀԿ մեծամասնությունն ուներ ժամանակ պատրաստվելու եւ կառավարության հետ հարցուպատասխանին ակտիվ գրանցվելով ու մասնակցելով Ծառուկյան դաշինքին հարցերի քիչ հնարավորություն եւ ժամանակ թողնելու, այդպիսով եթե անգամ չչեզոքացնելով, ապա էապես կասեցնելով Կարեն Կարապետյանի դեմ գրոհը: Բայց ՀՀԿ մեծամասնությունը չի անում այդ քայլը: Ամեն ինչ թերեւս ամբողջանում է, եթե հիշենք, թե նույն մեծամասնության խմբակցության ղեկավարի հայտարարությունը խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ ցուցակը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորելու եւ առաջնորդելու մասին, որն այլ բան չէր, քան պարզապես Վիգեն Սարգսյանին ՀՀԿ մեծամասնության առաջնորդ հայտարարելը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին