Կարևոր իրադարձություններ

Պուտինը նոր նյուանսներ է փոխանցել. պատասխանի հետևից կգա Լավրովը. «Փաստ»

17 Նոյեմբեր, 2017 08:00
Պուտինը նոր նյուանսներ է փոխանցել. պատասխանի հետևից կգա Լավրովը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սարգսյան–Պուտին հանդիպումը տեղի ունեցավ սպասվելիք և արդեն կայացած քաղաքական հանդիպումների, իրադարձությունների միջանկյալ ժամանակահատվածում: Նախորդել էր Էրդողան–Պուտին հանդիպումը, առաջիկայում սպասվում է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան և Բաքու: Ինչպես բոլոր դեպքերում, Սարգսյան–Պուտին հերթական հանդիպումից հետո ստանդարտ պաշտոնական տեղեկատվություն տարածվեց:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, սակայն, պաշտոնական տեղեկատվության սահմաններից դուրս, քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Արցախի հարցում որոշակի ճշտումներ մտցնելու հանգամանքը:

«Կարծում եմ՝ հանդիպման ժամանակ Վ. Պուտինը Ս. Սարգսյանին նոր նյուանսներ է փոխանցել: Կիսվել է որոշակի ինֆորմացիայով, հայտնել առաջարկների մասին: Իհարկե, որոշակի դետալներ կարող են կարևոր լինել, բայց չեմ կարծում, թե դրանք դուրս են Մադրիդյան սկզբունքներից: Չեմ կարծում նաև, որ հանդիպման ժամանակ որոշումներ են կայացվել: Եղել են նոր առաջարկներ, որոնց պատասխանի հետևից կգա Լավրովը: Պուտինն իր ասելիքն է հայտնել, որի վերաբերյալ կարծիք հայտնելու համար կողմերին ժամանակ է պետք: Այս ֆոնին Լավրովը կփորձի հասկանալ՝ նոր առաջարկների շուրջ ի՞նչ դիրքորոշում ունեն կողմերը: Լավրովի այցը կենթադրի կամ պատասխան, կամ նոր քննարկումների սկիզբ, ինչը նորից ժամանակ կպահանջի: Հարցը բավականին բարդ, և ինչպես Սերժ Սարգսյանն է նշում՝ «ցավոտ լուծում է լինելու»»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ մեկ միլիմետր առաջ շարժվելը բավականին մեծ ջանքեր է պահանջում: Նրա խոսքով՝ խնդիրը կապված է թե՛ արտաքին, և թե՛ ներքաղաքական նրբերանգներով, քանի որ եթե կան պրոցեսներ, պետք է հասարակությանն էլ նախապատրաստել «ցավոտ լուծումներին»:

«Մադրիդյան սկզբունքները բաց տեքստով են դրված: Պարզ է, թե որն է մեր անցնելիք ճանապարհը: Պարզ է նաև այն ճանապարհը, որը պետք է անցնի Ադրբեջանը: Ամեն դեպքում՝ փոխզիջման և ցավոտ լուծումների մեջ կա զիջումը: Սա ենթադրում է ազատագրված տարածքների աստիճանաբար հանձնում՝ Արցախի կարգավիճակի դիմաց: Երկու կողմերի համար էլ բավականին ցավոտ է լինելու, իսկ ավելի ցավոտ՝ Ադրբեջանի համար, եթե այդ երկիրը համաձայնվի կարգավիճակի շուրջ պարզություն մտցնել: Այսինքն՝ դե ֆակտո համաձայնվում է Արցախի միջանկյալ կարգավիճակին՝ Ադրբեջանի կազմից դուրս, հետո էլ՝ ռեֆերենդումի, որի արդյունքն, ըստ իս, կանխորոշված է: Ադրբեջանը սա շատ լավ է հասկանում, և այդ պատճառով էլ չի համաձայնվում Մադրիդյան սկզբունքների իրականացման հետ: Այնպես որ, ասել, թե պատրաստ ենք փոխզիջման, անիմաստ է: Սխալ է, երբ ՀՀ–ն խոսում է փոխզիջումների, Մադրիդյան սկզբունքների իր ճանապարհն անցնելու մասին, երբ Ադրբեջանը նույնիսկ որևէ ակնարկ չի անում: Հակառակը՝ շատ կոշտ դիրքորոշում ունի»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Էրդողան–Պուտին հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահը ակնարկեց, որ Արցախյան հարցի շուրջ Պուտինի հետ բանակցություններ են լինելու: Դիտարկմանը, թե այս համատեքստում բանակցային գործընթացում ՌԴ–ի ակտիվացման ի՞նչ միտում կա, Վ. Հակոբյանը պատասխանեց.

«Էրդողանը փորձում է ակտիվ դերակատարում ունենալ Արցախի հարցում: Առհասարակ ռուս–թուրքական հարաբերությունները բավականին լայնածավալ են, ուր ցանկացած ոլորտ ինչ–որ չափով փոխկապակցված է մեկ այլ ոլորտում առկա հարցի հետ: Այս պարագայում Էրդողանը Արցախյան հարցն էլ կփորձի սակարկությունների արգումենտ դարձնել: Չեմ բացառում, որ նա կարող է Արցախի հարցում ինչ–որ մաքսիմալիստական պահանջներ դնել ՌԴ–ի առջև, և դրա դիմաց այլ ոլորտում ինչ–որ օգուտներ ստանալ: Մի տեղ զիջում ես՝ մյուսները շահում են, մյուսում զիջում ես՝ տուժում են: Այսպիսի գործընթաց է գնացել: Բայց չեմ կարծում, որ ՌԴ–ն կողմ է Արցախյան հարցի կարգավորման գործընթացում բարձրացնել Թուրքիայի դերը»:

Ինչ վերաբերում է Արցախյան հարցի շուրջ ՌԴ–ի ակտիվացմանը, Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ ՌԴ–ն պարբերաբար է նման քայլեր ձեռնարկում. «ՌԴ–ն երբեք չի էլ թաքցրել, որ Հարավային Կովկասն իր հետաքրքրությունների զոնայում է: ՌԴ–ն փորձում է այլ երկրների հետ հարցը լուծել, և գեոքաղաքականական կենտրոններն առանձնապես դեմ չեն դրան: ՌԴ–ի ակտիվությունը տեղավորվում է գեոքաղաքական ուժային կենտրոնների նախագծած ընդհանուր սխեմայի մեջ: Կարող են լինել որոշ տարաձայնություններ, բայց Արցախյան հարցն այն քիչ գործընթացներից է, որի շուրջ գերտերությունների մոտ շատ մեծ տարաձայնություն չկա»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին