Կարևոր իրադարձություններ

Գիտնականները հայտնաբերել են, թե որն է ձախլիկ լինելու պատճառը

17 Նոյեմբեր, 2017 00:23
Գիտնականները հայտնաբերել են, թե որն է ձախլիկ լինելու պատճառը

Ավստրիայի եւ Գերմանիայի 13 հազար բնակիչների բժշկական տվյալները հուշել են գիտական հերթական հետազոտության թեման: Երբ պարզվել է, որ այս թվաքանակի մարդկանցից 7,5% կանանց եւ 8,8% տղամարդկանց հիմնական օգտագործվող ձեռքը ձախն է, գիտնականները որոշել են պարզել, թե ինչն է ազդում ձախլիկ ծնվելու վրա: Առաջին անգամ նրանք խոսել են սեզոնայնության ազդեցության մասին:

Սկզբում ավստրիացի հոգեբանները Վիեննայի համալսարանից «զբաղվել են» ուժեղ սեռով: Վերլուծությունների  հետագա տվյալները ցույց են տվել, որ ամենից շատ ձախլիկ տղամարդիկ ծնվել են ուշ աշնանը եւ ձմռանը` նոյեմբերին, դեկտեմբերին եւ հունվարին: Միայն այս երեք ամիսների ընթացքում լույս աշխարհ են եկել 8,2% ձախլիկներ, մինչդեռ փետրվարից մինչ հոկտեմբեր` 10,5%:

Գիտական աշխատանքի ղեկավար Ուլրիխ Տրանը ենթադրել է, որ գարնանը բեղմնավորված տղաներն ավելի շատ են ենթարկվում արեւի ճառագայթների ազդեցությանը, որոնք ունակ են մեծացնել տեստոստերոնի  մակարդակը, որի պատճառով էմբրիոնների ուղեղի աջ կիսագունդը ձեւավորվում է ավելի արագ եւ գերակայություն է ստանում ձախի նկատմամբ (աջլիկների մոտ, ընդհակառակը, ավելի շատ զարգացած է ձախ կիսագունդը): Այսպիսով, տղամարդկանց ձախլիկ կամ աջլիկ լինելը «որոշում» է տեստոստերոնը:

Ապագա մոր մոտ տեստոստերոնի մակարդակը հղիության ընթացքում նույնպես մեծ դեր ունի: Ինչպես բացատրում է գիտնականը, որքան բարձր է այդ ցուցանիշը, այնքան մեծ է հավանականությունը, որ կինը ձախլիկ երեխա կծնի:

Բացի այդ, փորձագետը նշել է, որ օրգանիզմի «վերակազմավորումը» կարող է տեղի ունենալ նաեւ հիվանդությունների եւ վնասվածքների պատճառով:

Հատկանշական է, որ աջլիկների ընտանիքում միայն 2% ձախլիկներ են ծնվում: Այս հավանականությունը մեծանում է 17%-ով, եթե ծնողներից մեկը ձախլիկ է: Եթե ​​ե՛ւ մոր, ե՛ւ հոր հիմնական ձեռքը ձախն է, երեխան ձախլիկ կլինի 46% դեպքերում:

 Հետաքրքիր փաստեր

  • Երկրի բնակչության 10-ից 12%-ը ձախլիկ է:
  • Ձախլիկների թվում տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք:
  • Օգոստոսի 13-ը ձախլիկների միջազգային օրն է:
  • Չնայած այն հանգամանքին, որ որոշ ժողովուրդներ ձախլիկ լինելը դրական ցուցանիշ են համարում, բազմաթիվ մշակույթներ նրանց ընկալում են որպես վտարյալ:
  • Մարդիկ ձեռքից բացի ունեն նաեւ մարմնի գերիշխող կողմեր, ինչպիսիք են աչքը, ականջը եւ ոտքը:
  • Ըստ ուսումնասիրությունների` ձախլիկներն ավելի հեշտությամբ են դառնում աջլիկ, քան աջլիկները` ձախլիկ:
  • Երկրի բնակչության միայն 1 տոկոսն է հավասարաչափ հարմարավետորեն օգտագործում երկու ձեռքերը:
  • 40 տարեկան կնոջ մոտ ձախլիկ երեխա ունենալու հավանականությունը 130 տոկոսով ավելի մեծ է, քան 20 տարեկանի:
  • Ալբերտ Էյնշտեյնը, Բենջամին Ֆրանկլինը եւ Ալեքսանդր Մեծը ձախլիկներ են եղել:
 

Լրահոս

Դիտել ավելին