Կարևոր իրադարձություններ

Դասադուլ անող ուսանողները ցույց են կազմակերպել ԱԺ-ի դիմաց

15 Նոյեմբեր, 2017 10:42
Դասադուլ անող ուսանողները ցույց են կազմակերպել ԱԺ-ի դիմաց

Տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ բողոքող ուսանողների դասադուլը շարունակվում է: Վաղ առավոտից նրանք հավաքվել են ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ, ապա շարժվել դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք:

Հիշեցնենք, որ երեկ դասադուլ հայտարարած ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել: 

«Մենք մի քանի ուսանողներով՝ 4 հոգին ծառայած, 1 հոգին չծառայած, այսօր սկսում ենք հացադուլ ԵՊՀ լսարաններից մեկում։ Հացադուլի հիմնական նպատակն է պայքարել ինչպես հասարակական անտարբերության, այնպես էլ օրինագծի դեմ։ Կոչ ենք անում որևէ մեկին դուռը չջարդել կամ պրովոկացիաների գնալ։ Մենք նպատակ չունենք դուռը պահպանելու համար կռվի մեջ մտնել, մեր նպատակը արդար է, խաղաղ է, և նպատակը հացադուլն է»,- նշել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Ուշ երեկոյան հացադուլի հայտարարած ուսանողներից մեկի վիճակը առողջական վիճակը վատացել է և նա դադարեցրել է հացադուլը: Դրանից հետո մյուս 4 տղաները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը արձանագրում է, որ մեր 5 անդամների կողմից սկսված հացադուլը ցույց է տալիս նրանց վճռականությունը պայքարը հասցնել հաղթական ավարտին։ Կոչ ենք անում խնդրով ինչպես նաև տղաների առողջությամբ մտահոգ բոլոր անձանց միանալ նախաձեռնության երթին դեպի Ազգային Ժողով, որը կմեկնարկի առավոտյան 9:30 Երևանի պետականի համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակից։ Հորդորում ենք բոլոր համալսարանների ուսանողներին ինքնակազմակերպվել իրենց բուհերում և երթով շարժվել դեպի Ազգային Ժողով, որտեղ վաղը տեղի է ունենալու օրենքի քվեարկությունը։ Եթե մինչ օրս չես միացել մեր պայքարին, ապա վաղը հենց այդ օրն է ոտքի կանգնել քո և քո ընկերների իրավունքների պաշտպանության համար։ Միաժամանակ սթափության կոչ ենք անում իշխող մեծամասնությանը՝ ընդգծելով, որ ուսանողական շարժումն ունի իշխանություններին անհանգստություն պատճառելու օրեցօր աճող պոտենցիալ։

Հ.գ. Չուշանալ»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին