Կարևոր իրադարձություններ

Ընդդիմության հմայքներն ու թշվառությունը. «Իրատես»

14 Նոյեմբեր, 2017 10:03
Ընդդիմության հմայքներն ու թշվառությունը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ընդհանուր առմամբ խորին հարգանքով պետք է վերաբերվել այսօրվա մի փշուր ընդդիմությանը, որի մի քանի բեկորն էլ խորհրդարանում է: Եվ այնուհանդերձ, ստիպված ենք տալ ռուսական ամենատարածված հեղափոխական հարցը` «Кто виноват?», շարունակությամբ` «Что делать?»:

Ռուս դասականներից մեջբերումն ամենեւին էլ պատահական չէ, որովհետեւ հայոց ընդդիմության ամենախոր ու մութ ապառաժումը հենց ռուսական «տափաստաններից» է եկել: Չկա, չի եղել, եւ ոնց երեւում է, չի լինելու երբեւէ ընդդիմություն Հայաստանում, որը սրսուռ լիբերալ է, իսկապես ազատ, չի խաղում, «մարաղ» չի մտնում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ հայաստանյան «ռուսիֆիկացված» իշխանական թփուտներում, այլ իր հենքով կրողն է ազատական, արեւմտյան արժեհամակարգի: 

Հայոց ցանկացած ընդդիմության ծնունդ ավարտվել է վաղաժամ մահով, որովհետեւ չի առաջադրել գաղափարական այլընտրանք` իշխանություններին, թե՛ գեոքաղաքական, թե՛ մնացյալ առումներով: «Ռուսիֆիկացման» հարցում իշխանությունները միշտ էլ եղել են պապից կաթոլիկ ու անփոխարինելի: Այլ հարց է, որ նույն ռուսական «շինելից» դուրս եկած ընդդիմադիրներին Կրեմլը դարձրել է դագանակ իշխանությունների գլխին, որ վերջիններս դույզն-ինչ չշեղվեն «գծից», իսկ հետո նույն այդ ընդդիմադիրներին ոչնչացրել է խիստ բարեհաջող` ուղարկելով անհամ թեյ խմելու (Ստեփան Դեմիրճյան), կանչել Մոսկվա ու հետն անցկացրած հարցազրույցն իսկ չի ցուցադրել (Լեւոն Տեր-Պետրոսյան), մյուսին էլ կանչել Մոսկվա` «փարոն Փութինի փաթասխանը» տվել ձեռքը, ընտանյոք պտտել քաղաքում, ուղարկել Հայաստան (Րաֆֆի Հովհաննիսյան):

Այս ամենում իրենց «սրբազան» լուման ունեն նաեւ հայոց իշխանությունները, որոնք ամեն ինչ արեցին գաղափարական իզգոյացման նման վակուում ստեղծելու համար: ՈՒ թե շատ անկեղծ լինենք` վերջիններս արեւմտյան շինել էլ քաշեցին իրենց գխին (տե՛ս ԵՄ-Հայաստան համաձայնագիրը) եւ դաշտն ամայացրին։ Ու «Սասնա ծռերի» «ընդդիմադիր պահվածքի» արմատները պետք է նաեւ այդտեղ փնտրել: Ո՛չ ՊՊԾ-ն գրավածների վարքագծում (նրանք, հասկանալի է, ում խաղն էին խաղում. ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արեւմուտքի... չենք բարձրաձայնում` ում, եւ վերջ): Խոսքն անթույլատրելի նման գործողություններին սատարող անչափ մեծ զանգվածի մասին էր, որը, ոչ ճիշտ ընդդիմության դեպքում, շատ բանի էր ընդունակ այս փոքրիկ երկրում:

Դառնանք այս օրերին. ո՛չ, չենք բաղդատելու ուսանողության անմեղ բողոքի ակցիաներն օրվա ընդդիմության պահվածքի հետ (անգամ չենք բաղդատելու ցույցի հետեւում եղողների պահվածքի հետ), խոսելու ենք լոկ ընդդիմադիրներից:
Նախ` խորհրդարանական: Այո, միայն «Ելքի» մասին (այնքան, որքան ԲՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն այդ դաշտը «մխտռեցին», որեւէ մեկը չարեց):

 

Լրահոս

Դիտել ավելին