Կարևոր իրադարձություններ

Բաքվին անկյուն են քշել. Ալիևը չկարողացավ օգտվել Սերժ Սարգսյանի լավությունից. «Ժամանակ»

11 Նոյեմբեր, 2017 10:18
Բաքվին անկյուն են քշել. Ալիևը չկարողացավ օգտվել Սերժ Սարգսյանի լավությունից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի խորքային շերտերում շարունակվում են ուշագրավ զարգացումներ արձանագրվել Ժնեւում հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած բարձր մակարդակի բանակցություններից հետո:

Ինչի՞ մասին է խոսքը: Նախորդ վերլուծություններում բազմիցս անդրադարձել ենք այն հանգամանքին, որ ժնեւյան բանակցություններից հետո չհիշատակվեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին, ինչը լուրջ մտահոգություններ առաջացրեց Հայաստանում, որ պաշտոնական Երեւանը հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո որդեգրված իր սկզբունքային դիրքորոշումից:

Եվ ահա նոյեմբերի 9-ին՝ Մոլդովայի նախագահի հետ կայացած հանդիպումից հետո, Հայաստանի նախագահն իր հայտարարության մեջ անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ ասելով, որ հայ-մոլդովական բանակցությունների ընթացքում «ընդգծվել է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը»:

Թեմայի շուրջ «Ժամանակ»-ը զրուցել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ:

«Եթե նույնիսկ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները սկսեն կյանքի կոչվել, դա տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի տարածքում: Դիտորդները տեխնիկապես համագործակցելու են Ստեփանակերտի հետ: Նրանք ամեն անգամ չեն ժամանելու Երեւան, որպեսզի այնտեղից մեկնեն Լեռնային Ղարաբաղ, ուստի տեխնիկական խմբի ի հայտ գալը ենթադրում է Ստեփանակերտի օդանավակայանի տեխնիկական գործարկում: Պետք է սկսեն աշխատել ուղիղ չվերթները դեպի Ստեփանակերտ: Բացի այդ, տեխնիկական խումբն իր մշտական ներկայացուցչությունն է ունենալու Ստեփանակերտում: Բարձր մակարդակ չի ունենա, այնուամենայնիվ Ստեփանակերտում հայտնվում է միջազգային ներկայացուցչություն: Սա հիմք կլինի Ստեփանակերտին բանակցություններին մասնակից դարձնելու: Առանց Ստեփանակերտի մասնակցության ոչինչ չի ստացվի: Ինչ կարգավիճակ էլ որ տրվի Լեռնային Ղարաբաղին, ամեն դեպքում առանց Ստեփանակերտի մասնակցության այդ հարցը չի կարող լուծվել:

Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայկական կողմը, վերադառնալով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին, ինչ-որ չափով կոշտացնում է իր դիրքորոշումը, եւ հետեւաբար ինչպե՞ս կզարգանա դիվանագիտական գործընթացն այսուհետ՝ հաշվի առնելով Երեւանի նման մոտեցումը եւ Բաքվի կանխատեսելի արձագանքը:

Հայաստանը վերադառնում է նախկին դիրքերին, բայց խնդիրն այն է, որ հայերը, Սարգսյանը մեծ զիջումներ էին արել Ալիեւին՝ հրաժարվելով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից: Մենք հստակ տվյալներ չունենք Ժնեւի բանակցությունների մասին, բայց դա տպավորություն էր կամ տրամաբանական եզրակացություն:

Երկրորդը՝ երբ ԱՄՆ նախկին պետքարտուղարը ստիպեց երկու նախագահներին գալ Վիեննա, որտեղ նրանք քննարկում էին այս հարցը, բոլորն էլ հասկանում էին, որ ագրեսորը Ադրբեջանն է: Հայաստանը որպես նախապայման պետք է պահանջեր, որ բանակցությունները վերսկսվեն միայն Ստեփանակերտի մասնակցության դեպքում: Դա հայկական կողմի երկրորդ զիջումն էր Բաքվին:

Երրորդը՝ Ադրբեջանն իրեն հռչակեց ապրիլյան պատերազմի հաղթող, բայց ինչպե՞ս ես դու հաղթել, որտե՞ղ են այդ հաղթանակի արդյունքները, որտե՞ղ են փաստաթղթերը, որտե՞ղ է դա ամրագրված: Ադրբեջանը չի հաղթել: Ադրբեջանի ժողովրդին անկյուն են քշել, եւ Ադրբեջանը շատ ավելի վատ վիճակում հայտնվեց, քան մինչեւ ապրիլ ամիսն էր: Եթե նախկինում թեկուզ տեսականորեն քննարկվում էին Մադրիդյան սկզբունքները, խաղաղապահ զորքեր տեղակայելու հարցը, կամ որ ինչ-որ շրջաններ պիտի հանձնեին, հետո պիտի ճանաչվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ապա հիմա այդ տարբերակն էլ է անընդունելի հայկական կողմի համար, ամեն ինչ շատ գործնական է՝ կատարե՛ք Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Սարգսյանը մեծ լավություն էր արել Ալիեւին, բայց Ալիեւը չկարողացավ դրանից օգտվել:

Իսկ հիմա իրավիճակն արդեն փոխվել է. ամերիկացիները պահպանել են իրենց մոտեցումները, որ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի ձեւաչափով, Մոսկվան եւ Փարիզը եւս դեմ չեն Մինսկի խմբին, եւ իրադրությունը վերադառնում է ելման կետ, այնպես որ՝ գործընթացը հետեւյալ տրամաբանությամբ է զարգանում, որ աստիճանաբար, ինչպես հայերն են ասում՝ կամաց-կամաց, գուցե մի 50 տարուց կողմերը կհասնեն ինչ-որ լուծման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին