Կարևոր իրադարձություններ

Չենք ասում՝ պարտք վերցրեք, թոշակ ավելացրեք, ասում ենք՝ արդյունավետ կառավարեք, որ բյուջե լինի, աղքատությունն էլ կրճատեք. Նիկոլ Փաշինյանը՝ սոցապնախարարին

06 Նոյեմբեր, 2017 13:12
Չենք ասում՝ պարտք վերցրեք, թոշակ ավելացրեք, ասում ենք՝ արդյունավետ կառավարեք, որ բյուջե լինի, աղքատությունն էլ կրճատեք. Նիկոլ Փաշինյանը՝ սոցապնախարարին

ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկմանը ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, նշեց, որ շուտով էլի գնաճ է լինելու, սակայն կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները չեն բարձրացվում:

«Հիմա մենք ի՞նչ ուղերձ ենք հղում մարդկանց, որ չենք ասում, որ 10 տոկոսով ավելի վատ եք ապրելու: Ընդհանրապես ինձ համար հասկանալի չէ, թե կառավարությունն ինչ կոնկրետ խնդիր ու ցուցանիշ է դնում աղքատության հետ կապված, մենք ինչքանի՞ ենք հասցնելու այդ ցուցանիշը»,-հարցրեց պատգամավորը:

«Այո, 2014-2015թթ-ին ենք բարձրացրել կենսաթոշակները վերջին անգամ, և այս ընթացքում առիթ է եղել ասելու, որ ընթացիկ ծախսերն ավելացնելը պարտք ներգրավելու միջոցով ցանկալի չէ»,-պատասխանեց նախարարը և համաձայնեց, որ եթե անձի միակ եկամուտը կենսաթոշակն է, այս խնդիրն իսկապես առկա է:

«Երբ խոսում ենք աղքատության կրճատման մասին, ամենամեծ ազդեցությունը դրա վրա ունենում է տնտեսական աճը, որովհետև հասկանալի է, եթե երկրում կա ավելի շատ բյուջե, ավելի մեծ բաշխում է լինում, մյուս կողմից չի նշանակում, որ սոցիալական պաշտպանության ծրագրերն ազդեցություն չունեն: Եթե նայենք, դրանց ազդեցությունը վերջին տարիներին ավելացել է»,-ասաց նա:

Նախարարը նաև հավելեց, որ կառավարության հռչակած քաղաքականությամբ՝ փորձում են առավել ճիշտ ուղղել տրվող սոցիալական աջակցությունը, այսինքն՝ ճիշտ թիրախ ու շերտեր ընտրել:

Արտեմ Ասատրյանը նաև ասաց, որ աղքատության կրճատման մասով ծրագրեր կան կառավարության 5-ամյա ծրագրի մեջ:

Փաշինյանի հաջորդ հարցը վերաբերում էր ծնունդների կրճատմանը: «Մանուկների ծնունդը նվազում է, բայց կա այլ ցուցանիշ, որ 3-րդ, 4-րդ և 5-րդ երեխաների ծնվելու ցուցանիշն ազդում է, այսինքն՝ նրանց համար տրվող նպաստը դեր է խաղում: Չե՞ք կարծում, որ պետք է վերանայենք քաղաքականությունն ու ավելացնենք 1-ին ու 2-րդ երեխաների համար վճարվող նպաստի չափը»,-հետաքրքրվեց Փաշինյանը:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ շուրջ 10 մլրդ դրամ հատկացվում է ծննդյան միանվագ նպաստների վճարներին, ցանկացած ավելացում մի քանի տասնյակ միլիարդների պահանջ է դնելու:

Փաշինյանն արձագանքեց, որ երբ խոսում են, թե որտեղից լրացուցիչ գումար կարելի է գտնել, ապա կարելի է ուշադրություն դարձնել պարգևատրումներին, պետական խրախուսանքներին, բացի այդ օրինակ՝ առողջապահության ոլորտին տրվող գումարն է պակասել, այսինքն՝ վերաբաշխումներ կարելի է անել:

Նա նաև նկատեց, որ աղքատության նվազման համար, կարծես թե, ոչ մի քայլ չի արվում. «Կարծես թե, ասում եք՝ դե տարվա վերջին ինչ կլինի, կլինի: Նաև մենք չենք ասում՝ պարտք վերցրեք, թոշակ ավելացրեք, մենք ասում ենք՝ երկիրն արդյունավետ կառավարեք, որ բյուջե լինի, աղքատությունն էլ կրճատեք»:

 

Լրահոս

Դիտել ավելին