Կարևոր իրադարձություններ

Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. նախարարը` թուրքմենական գազն Իրանի տարածքով ՀՀ հասցնելու մասին

20 Հոկտեմբեր, 2017 18:36
Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. նախարարը` թուրքմենական գազն Իրանի տարածքով ՀՀ հասցնելու մասին

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարծում է, որ թուրքմենական գազը Իրանի տարածքով Հայաստան հասցնելու պարագայում մեր երկրի համար այդ գազի գինը շահավետ չի լինի: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Աշոտ Մանուկյանն ընդգծեց, որ Թուրքմենստանից գազը Հայաստան հասցնելու համար Իրանի տարածքով տարանցում պետք է լինի, իսկ ուղիղ տարանցման հնարավորություն Իրանը չունի, որովհետև ընդունման կետից մինչև հանձնման կետ ուղիղ խողովակաշար չկա: «Այս պարագայում հարց է առաջանում` տարանցման ո՞ր արժեքը մենք համարենք արդար: Օրինակ, երբ մենք Վրաստանի տարածքով ռուսական գազն ենք ներկրում, դիտարկում ենք խողովակաշարի երկարությունը և ծավալը: Այս երկու գործոնները հաշվի առնելով` մենք սահմանել ենք, որ 100 կիլոմետրի վրա 1000 խորանարդ մետր գազի փոխանցումն արժե այսքան գումար: Հարց է առաջանում, թե Իրանի պարագայում մենք ի՞նչ երկարություն ենք վերցնում` գործող խողովակաշարի երկարությո՞ւնը, թե՞ ուղղակի հեռավորությունը: Եթե վերցնում ենք գործող խողովակաշարի երկարությունը, ապա դա Իրանի ամբողջ տարածքով անցնում է և հարավով գալիս է այստեղ: Սա արդար չի լինի և շահավետ չի լինի, որովհետև հեռավորությունը շատ մեծ է: Եթե վերցնում ենք ուղղակի հեռավորությունը, որտեղ խողովակաշար չկա, դա էլ արդար չի լինի, քանի որ իրանցիները ծախս են կատարելու այդ գազը ինչ-որ կերպ Հայաստան հասցնելու համար: Սա խնդիր է, որը քննարկման առարկա է, սակայն թուրքմենական գազի պարագայում, հաշվի առնելով նաև տարանցումը, գազի գները չեն կարող համադրելի լինել այն գներին, որ մենք այսօր ունենք: Ես չեմ կարծում, որ մենք թուրքմենական գազ ներկրելու պարագայում կունենանք լավ գին»,- ընդգծեց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին