Կարևոր իրադարձություններ

2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը. «Փաստ»

20 Հոկտեմբեր, 2017 08:00
2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև Սարգսյան–Ալիև հանդիպումն արդեն փաստ է, բայց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր՝ քանի դեռ Վիեննայի համաձայնագիրը չի կատարվում, որևէ հանդիպման չի գնա: Այս համատեքստում Սարգսյան–Ալիև հանդիպմանն ընդառաջ ու դրանից հետո վերլուծական շրջանակներում հնչեցին կարծիքներ, թե համաձայնելով հանդիպել՝ հայկական կողմը հաշտվեց, որ Ադրբեջանը չի կատարելու ձեռք բերած պայմանավորվածությունները:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը համաձայն չէ:

«Չեմ կարծում, որ հաշտվել է: Հայաստանը չի ասել, որ հաշտվել է: Հայաստանի գործողություններից չի հետևում, որ հաշտվել է: Կարծում եմ՝ նման մտահոգություններն անհիմն են:

Դատելով հայտարարություններից՝ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ խոսակցությունը հենց այդ պայմանավորվածությունների մասին է եղել, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն հիշատակվում: Ի դեպ՝ ավելի ճիշտ կլինի կոչել դրանք հենց Վիեննայի պայմանավորվածություններ, որովհետև Սանկտ Պետերբուրգինը դրան ոչինչ չավելացրեց: Լուծումը հետևյալն է, դիպուկահարները պետք է դուրս բերվեն առաջին գծից, պետք է մշտական մոնիթորինգ, հետաքննության և պատասխանատվության մեխանիզմներ լինեն, որոնք կմինիմալիզացնեն զինադադարի ռեժիմի խախտման հնարավորությունը: Վիեննայի անունը տանք, թե ոչ, ուրիշ լուծում չկա: Հիմա կկոչվի Վիեննայի պայմանավորվածություն, թե չի կոչվի, էությունը բոլոր դեպքերում դա է: Պայմանավորվածությունների կատարման հարցն օրակարգում է: Մենք կարող ենք փաստել, որ ներկայում բանակցությունները գնում են ոչ թե կոնֆլիկտի կարգավորման, այլ կոնֆլիկտի մենեջմենթի շուրջ»–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ռ. Մեհրաբյանը:

Վերջինս ընդգծեց՝ խոսքը պայմանավորվածությունների մասին է, մասնավորապես, որ կարող են լինել քայլեր, որոնք ուղղված կլինեն մահացու դեպքերի նվազեցմանը:

«Իսկ թե կոնկրետ ինչ քայլերով կապահովվեն՝ կապրենք, կտեսնենք: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանի առջևում է 2018 թ. «պրոբլեմը»՝ կապված ներիշխանական զարգացումների հետ: 2018 թ. ապրիլին Ս. Սարգսյանի լիազորություններն ավարտվում են, Ադրբեջանում և Ռուսաստանում նախագահական ընտրություններ են սպասվում: Կողմերը փոխադարձաբար շահագրգռված են, որ առժամանակ սրացումներ տեղի չունենան, որովհետև ավելորդ լարումների առաջ են կանգնելու՝ այդ թվում նաև ներքաղաքական: Գոնե տակտիկական դադարի մակարդակով այդ շահագրգռվածությունն այդ իմաստով կար: Ամեն դեպքում՝ հայկական կողմի դիրքորոշումը պարզ է, այն փոփոխության ռեզոն չունի»,– նշեց քաղաքագետը:

Սերժ Սարգսյանի հետ որոշակի պայմանավորվածություններ ունենալով հանդերձ, քիչ չեն դեպքերը, երբ Բաքու վերադառնալուց հետո Ադրբեջանի նախագահն այլ դիրքորոշում է հայտնել: Ադրբեջանն իր ագրեսոր քաղաքականությունը շարունակել է նաև սահմանում: Հաշվի առնելով փորձն ու այն, որ վերջին հանդիպմանը շեշտադրվեց լարվածության նվազեցման հանգամանքը, Ռ. Մեհրաբյանից հետաքրքրվեցինք, այս անգամ ի՞նչ կարելի է սպասել Ադրբեջանից:

«Նախ՝ բոլոր դեպքերում այդ հայտարարությունները ներքին օգտագործման համար են: Բայց որևէ ուղղությամբ որևէ զարգացում բացառել պետք չէ: Հետևապես՝ հայկական կողմը պետք է պատրաստ լինի նաև ամենավատթար զարգացումներին»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին