Կարևոր իրադարձություններ

Կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի նախագահի և Բեռլինի հայ համայնքի հետ

19 Հոկտեմբեր, 2017 15:29
Կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի նախագահի և Բեռլինի հայ համայնքի հետ

Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումների շրջագծից ներս, Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ պաշտոնական հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը մասնավորապես իր գնահատանքն ու շնորհակալութունն է  հայտնել Գերմանիայի ժողովրդին և իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում հայ ժողովրդին սատարելու համար:

Նույն օրը Նորին Սրբությունը հանդիպել է Գերմանիայի հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ` Բեռլինի Լուիզըն եկեղեցում:

«Հրաշափառ»-ի արարողությունից հետո բարիգալստյան խոսքով Նորին Սրբությանը ողջունել է թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ապա հրավիրել Վեհափառ Հայրապետին իր հայրական օրհնության խոսքն ու պատգամն ուղղելու բեռլինահայ հավատացյալներին:

Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես ասել է. «Գոհունակություն և քաջալերություն է Մեզ համար, որ ամուր է ազգանվիրումի և եկեղեցասիրության ոգին Գերմանիայում բնակվող աստվածասեր մեր հավատավոր զավակների: Ամենայն գնահատանքի է արժանի թեմի շինությանն ու ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացին ձեր բերած նպաստը, ինչպես նաև նոր սերնդի հայեցի դաստիարակության կարևոր գործի հանդեպ ձեր նախանձախնդրությունն ու հոգածությունը, ազգային ոգու փոխանցումը ձեր զավակներին, ինչի վկայությույնն է ձեր համախմբումը դարավոր մեր Եկեղեցու շուրջ և ակտիվ մասնակցությունը ազգային-եկեղեցական կյանքին:

…Եկեղեցին դուք եք, սիրելի հավատավոր զավակներ, հավատավոր ձեր կյանքով ու աստվածահաճո գործերով, առաքելական խոսքի համաձայն` «տաճար Հոգւոյն Սրբոյ» եք, անդամները Քրիստոսի խորհրդական մարմնի: Հիրավի, մեր դարավոր պատմությունը նման է Փրկչի երկրավոր կյանքի ընթացքին: Եղել են չարչարանքներ, զրկանքներ ու փորձություններ, ցեղասպանության գողգոթա, բայց Փրկչի հետ հավատքի զորությամբ հարություն է առել մեր ժողովուրդը՝ կերտելով իր վերածնված կյանքը: Այդ հաղթանակն է, որ այսօր երևում է Գերմանիայի տիրախնամ թեմում արձանագրված ձեռքբերումների մեջ, արտացոլվում եկեղեցանվեր ու ազգասեր ձեր կյանքի ընթացքներում»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ջերմությամբ վերհիշել է Գերմանիայի Հայոց հովվությունում բերած իր ծառայությունը, Բեռլինում մատուցած պատարագները, ինչպես նաև այդ տարիներին գերմանաբնակ հայորդիների բարի աջակցությունը:

Ուրախությամբ անդրադառնալով Գերմանիայի հայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքում նկատվող դրական զարգացումներին, առաջընթացին և նոր ձեռքբերումներին` Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել համայնքի անդամների աստվածսիրության ու հայրենասիրության ոգին և դրանցից ծնված բարի գործերը` հորդորելով մշտապես զորավիգ ու զորակից լինել Հայրենիքին:

Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել նաև թեմակալ առաջնորդին, հոգևոր դասին, թեմական, համայնքային վարչությունների անդամներին` մաղթելով առավել կորով ու եռանդ` Գերմանիայի հայոց թեմի ազգային-եկեղեցական կյանքը նոր իրագործումներով հարստացնելու և համայնքում պայծառություն ու բարօրություն հավելելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին