Կարևոր իրադարձություններ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է ԵՄ հետ համաձայնագրի հրապարակումը

18 Հոկտեմբեր, 2017 22:22
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է ԵՄ հետ համաձայնագրի հրապարակումը

ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է Եվրոպական միության խորհրդի հաստատմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակումը։ Այդ մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

«Մենք այս քայլը գնահատում ենք որպես արդյունավետ բանակցային գործընթացի վկայություն և երկկողմանի համագործակցությունը խորացնելու և դրան պարտադիր իրավական բնույթ տալու՝ կողմերի լիակատար փոխըմբռնման և շահագրգռվածության արտահայտություն։

Համոզված ենք, որ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալու հնարավորությունը կնպաստի Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների պահպանման նկատմամբ հանրային հետաքրքրության աճին և համոզիչ պատասխան կհանդիսանա այդ գործընկերության շրջանակներում նախատեսվող բարեփոխումների ընդդիմադիրների կողմից ներկայացվող շահարկումներին։

Ողջունում ենք Համաձայնագրում քաղաքացիական հասարակության դերի արժևորումը, որի նպատակով պետք է ստեղծվի Քաղաքացիական հասարակության հարթակ՝ կազմված քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ցանցերից ու հարթակներից, այդ թվում ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներից:

Մենք կոչ ենք անում Եվրամիության անդամ երկրների և Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ առավելագույն կարճ ժամկետներում ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և անհապաղ անցնել դրա գործնական իրականացմանը։

 
 

Հայաստանի իշխանություններից պահանջում ենք առավել հետևողական և պատասխանատու մոտեցում դրսևորել Եվրամիության հետ համագործակցության օրակարգով նախատեսվող բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության հետ երկխոսության առավել ակտիվացման և որոշումների կայացմանը քաղհասարակության իրական ներգրավվածության ապահովման նկատմամբ։

Եվրամիության ինստիտուտների ուշադրությունը հրավիրում ենք Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման հանդեպ սկզբունքային մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության վրա՝ Համաձայնագրով նախատեսված հաշվետվողականության արդյունավետ մեխանիզմների անվերապահ կիրառման, հասարակության հետ պաշտոնական կառույցների բաց և թափանցիկ աշխատանքի ապահովման համար։

Իր կողմից ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պարտավորվում է նպաստել զարգացման առաջնահերթությունների մշակման և երկրի կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման պարտավորությունների կատարման մշտադիտարկման գործին՝ ձգտելով Համաձայնագրի իրականացման ուղղությամբ քաղաքացիների ըմբռնմանն ու լայն աջակցությանը և համատեղ խնդիրների լուծման գործում Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին