Կարևոր իրադարձություններ

«Կարվի այն, ինչ անհրաժեշտ է». Բարզանին՝ Քիրքուքի գրավման մասին

18 Հոկտեմբեր, 2017 13:02
«Կարվի այն, ինչ անհրաժեշտ է». Բարզանին՝ Քիրքուքի գրավման մասին

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մեսուդ Բարզանին հայտարարությունն է արել Իրաքի բանակի և շիական «Հաշդի շաբի» աշխարհազորայինների կողմից Քիրքուքը գրավելու վերաբերյալ:

Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝  Բարզանին հայտարարել է, որ Փեշմերգան (քրդական զինված ուժեր) Քիրքուքից դուրս է եկել Քուրդիստանի որոշ կուսակցությունների ու անձանց կայացրած որոշման հետևանքով:

Բարզանին նշել է, որ Քուրդիստանի ժողովուրդը երբեք պատերազմ չի ցանկացել, սակայն իր ինքնությունը պահպանելու համար ստիպված է եղել պատերազմների մեջ ներքաշվել, ենթարկվել է կոտորածների ու ցեղասպանության:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվել է. «Մեր առաջնային նպատակը միշտ եղել է կարգուկանոն պահպանելն ու Քուրդիստանի ժողովուրդի իրավունքները պաշտպանելը: Քիրքուքի իրադարձությունները տեղի ունեցան Քուրդիստանի որոշ որոշ քաղաքական կուսակցությունների ու անձանց որոշումների հետևանքով, ինչի արդյունքում Փեշմերգայի ուժերը ստիպված եղան հետ քաշվել: Հետ քաշվելով՝ խախտվել է Բաղդադի ու Էրբիլի միջև Մոսուլի ազատագրումից առաջ կնքված համաձայնությունը: Կրկին կապահովվի մեր ժողովրդի ձեռքբերումները, ու անվտանգությունը»:

Հայտարարության մեջ Բարզանին Քուրդիստանի բոլոր կուսակցություններին խնդրել է միավորվել, իսկ լրատվամիջոցներին՝ իրադարձությունները լուսաբանել հայրենասիրության ու ազգայնականության դիրքերից:

Հիշեցնենք, որ Իրաքի բանակը, և վերջինիս դաշնակից  շիական «Հաշդի Շաբի» խմբավորումը Քիրքուք նահանգը ետ են վերցրել քրդերից և այժմ նահանգը  իրենց վերհսկողության տակ են պահում: Իրաքի բանակի վերահսկողության տակ են անցել  Քիրքուքի ռազմաբազան,  նավթահորերը, օդանավակայանը և այլ կարևոր կետեր:

Իրաքի վարչապետը արդեն նահանգապետ է նշանակել Քիրքուքում: Նորանշանակ նահանգապետ Րաքան Ջուբուրին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այժմ նահանգի անվտանգության պատասխանատվությունն ընկած է Իրաքի ոստիկանության վրա:

Նավթային պաշարներով հարուստ Քիրքուքը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից մաքրելուց հետո անցել էր Իրաքի քրդերի վերահսկողության տակ, իսկ  պաշտոնական Բաղդադն էլ պահանջում է, որ նահանգը վերադարձվի Իրաքին:

 

Լրահոս

Դիտել ավելին