Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Էքստրեմա՞լ, թե՝ անհրաժեշտ. «Փաստ»

18 Հոկտեմբեր, 2017 08:00
Էքստրեմա՞լ, թե՝ անհրաժեշտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի բուռն քննարկումը երեկ տեղափոխվել էր Ազգային ժողով: Օրենքի շուրջ լսումներ էր կազմակերպվել, իսկ հիմնական զեկուցողը արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն էր:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3–րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն իր ելույթում ընտանեկան բռնության մասին վիճակագրական տվյալներ բերեց ու նշեց. «Յուրաքանչյուր ընտանիքում կա առնվազն մեկ երեխա, ով եթե ոչ ֆիզիկական,ապա հոգեբանական բռնության անպայման ենթարկվում է: Որպեսզի սա չլինի, պետք է համապատասխան օրենք լինի: Միգուցե օրենքում հստակեցումների կարիք կա: 20 տարի աշխատելով ընտանիքների հետ՝ չեմ ուզում փակել իմ աչքերը: Այո, կա բռնություն: Մենք պետք է օգնենք բռնության ենթարկվածներին ու նաև՝ կիրառողներին»:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ևս կողմ էր օրենքի ընդունմանը. «Այսքան տարի առանց նման օրենքի ենք ապրել, դարձյալ կարող ենք ապրել: Բայց կարող էինք ապրել նաև առանց Սահմանադրության, բայց ունենք այն: Օրենքը չունենալը մեզ ոչինչ չի տալիս: Դարձյալ խարխափելու ենք անորոշության մեջ»:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այս օրենքը մեր ազգային հոգեկերտվածքին հարիր չէ: Նա օրենքում առկա տնտեսական բռնություն ասվածը «անորոշ հասկացողություն» որակեց: Ի պատասխան՝ Վիգեն Քոչարյանը մատնանշեց տնտեսական բռնության դեպքերը. «Երբ ծնողը պաղպաղակ չի առնում, կամ արգելում է համակարգչից օգտվել, սա հոգեբանական կամ տնտեսական բռնություն չէ: Բնակարանից, սնունդից ու կյանքի համար անհրաժեշտ պարագաներից զրկումն է տնտեսական բռնությունը»:

Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ տնտեսական բռնության մեղավորության վեկտորն այլ տեղ ուղղեց: «Մեր երկրում մեկ մլն–ից ավելի աղքատ ընտանիք ունեք: Եթե ծնողը չի կարողանում ապահովել ձեր նշած պայմանները, այստեղ մեղավորը ոչ թե ծնողն է, այլ՝ իշխանությունը, ապաշնորհ կառավարումը: Հիմա ընտանիքի՞ն, ծնողի՞ն պետք է մեղադրեք, որ տնտեսական բռնություն է կիրառում: Ծնողը չի կարողանում, որովհետև ոչ թե պորտաբույծ է, այլ չունի այդ հնարավորությունը: Սահմանը այնպես գծեք, որ տարընթերցման տեղիք չտա»,– ասաց նա՝ իր խոսքն ուղղելով Վիգեն Քոչարյանին:

Վերջինս էլ՝ ի պատասխան նշեց, որ օրենքում առկա ձևակերպումներն այդ մտահոգությունը հանում են. «Խոսքը գնում է դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ այլ անհրաժեշտ միջոցից զրկելու մասին: Զրկել եզրույթը ենթադրում է, որ դա առկա է, և ինչ–որ մեկը զրկում է»:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ընտանեկան բռնությունը ընտանեկան վեճերի արդյունք է, իսկ վեճերը շատ հաճախ սոցիալական խնդիրների հետևանքով են: Կարծիքը միանշանակ չընդունվեց՝ դահլիճից անգամ վիրավորական արտահայտություններ հնչեցին պատգամավորի հասցեին:

Նա ի պատասխան շեշտեց՝ խելք սովորեցնելն ու խելացի լինելը տարբեր բաներ են` ու շարունակեց. «Ես գտնում եմ, որ որևէ մեկը, այդ թվում պետությունը, չպետք է անհարկի միջամտի ընտանիքի գործերին: Վիգեն Քոչարյանը շեշտեց, թե նախագծում Էքստրեմալ լուծումներ չկան: Համաձայն չեմ: Էքստրեմալ լուծո՞ւմ չէ, որ եթե անգամ ընտանեկան բռնության ենթարկվածը դեմ է, բայց իր կամքին հակառակ կարող են տեղափոխել ապաստարան: Սա Սահմանադրության ո՞ր դրույթին է համահունչ: Մի խոսքով՝ մենք դեմ չենք ընտանեկան բռնության պայքարին, դեմ ենք, որ որևէ սուբյեկտ՝ այդ թվում պետությունը, անհարկի միջամտի ընտանիքի գործերին: Ընտանիքը ո՛չ երգչախումբ է, ո՛չ էլ սիմֆոնիկ նվագախումբ, որտեղ ընտանիքի անդամների միջև հակասություններ չլինեն: Պետք չէ, որ ներքին հակասությունները լուծելու համար հույսներս պետական ծառայողների վրա դնենք, որոնց միջամտությունը հաճախ պսակվում է դժբախտությամբ: Որպես հայ տղամարդ եմ ասում՝ ինչպե՞ս եք պատկերացնում հետևյալը. մի տղամարդ իր երեխային դիտողություն է արել, ոստիկանն էլ իմացել է: Երեխան հեռախոսակապով ասում է՝ ինչ միջոց է կիրառվել իր նկատմամբ, ու այդ տղամարդու մուտքը տան տարածք արգելվում է 100 մետր շառավղով: Եթե ներկաների մեջ կա մի տղամարդ, որ դա ընդունում է, ես չակերտավոր շնորհակալություն եմ հայտնում նրան իր սեռային պատկանելության համար»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին