Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

17 Հոկտեմբեր, 2017 12:07
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ևս մեկ անգամ կոչ է արել ԼՂ հակամարտությունը կարգավորել միայն խաղաղ ճանապարհով։ Այս մասին  նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարրիկի տարածած հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը խրախուսում է, որ երկու երկրների նախագահնրը որոշեն քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը խորացնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 16-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է բանակցությունների արդյունքների մասին.

«Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին