Կարևոր իրադարձություններ

Hürriyet: Թուրք-ամերիկյան ճգնաժամը կլուծվի միայն Էրդողանի և Թրամփի հանդիպման դեպքում

11 Հոկտեմբեր, 2017 13:17
Hürriyet: Թուրք-ամերիկյան ճգնաժամը կլուծվի միայն Էրդողանի և Թրամփի հանդիպման դեպքում

ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի աշխատակցի կալանավորման և վիզաների փոխադարձ դադարեցման շուրջ ծագած թուրք-ամերիկյան ճգնաժամը շարունակում է օրակարգային թեմա մնալ Թուրքիայում։   Թեմային անդրադարձել է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

Վերջինիս խոսքով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) հակված չէ ԱՄՆ-ի հետ ճգնաժամի առավել խորացմանը։

Սերբիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթում տարօրինակ է համարել այն հանգամանքը, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները վիզաների վերաբերյալ որոշում կայացնելիս կապ չեն հաստատել Թուրքիայի արտգործնախարարության հետ։

«Մտահոգիչ է, որ ԱՄՆ դեսպանը նման որոշում է կայացնում, հետո հայտարարում, թե այդ որոշումը իր պետության անունից է կայացրել։ Եթե այդպես է, մենք էլ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսելու ոչինչ չունենք։

Եթե դեսպանն այդ որոշումը ինքնագլուխ է  կայացրել, ապա ԱՄՆ-ի ղեկավարությունը այլևս չպետք է այդ պաշտոնում թողնի այդ դեսպանին։ Պետք է նրան հարցնի՝ ինչպես կարող ես փչացնել ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերությունները։ Եթե իմ դեսպանը նման բան անի, ես մի վայրկյան անգամ նրան չեմ պահի»։

Սելվիի խոսքով՝ Էրդողանը փաստացի ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին «անցանկալի անձ» է հայտարարել՝ նշելով, որ Բասսի հրաժեշտի այցերը չեն արտոնվելու։

Մյուս կողմից՝ Անկարայում խոսակցություններ են պտտվում, թե ճգնաժամի հանգուցալուծումը հնարավոր կլինի միայն նախագահներ Էրդողանի և Թրամփի հանդիման դեպքում։ Ակնկալվում է, որ խնդիրը կլուծվի մոտ ապագայում, ընդ որում՝ ոչ թե շաբաթների, այլ հաշված օրերի ընթացքում։

Բայց նույնիսկ այդ դեպքում, ըստ թուրքական աղբյուրի, ԱՄՆ-ի որոշ ուժեր կշարունակեն ամեն առիթով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու փորձերը։

 

Լրահոս

Դիտել ավելին