Կարևոր իրադարձություններ

«Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնության այլ տեսակների դեմ առկա օրենքներից տարբերող մի կարևոր կետ ունի»

11 Հոկտեմբեր, 2017 11:00
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնության այլ տեսակների դեմ առկա օրենքներից տարբերող մի կարևոր կետ ունի»

Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնության այլ տեսակների դեմ առկա օրենքներից տարբերող մի կարևոր կետ ունի՝ այն շանս է ստեղծում բռնության ենթարկվող, առավել մեծ հավանականությամբ՝ հարսին կամ կնոջը որոշ ժամանակ ֆիզիկապես դուրս գալ ընտանիքի բռնության մթնոլորտից և իր անչափահաս երեխաների հետ հայտնվել համեմատաբար խաղաղ. պաշտտպանող իրավիճակում: Այս ՛՛որոշ ժամանակը՛՛ չափազանց էական հանգամանք է: Կնոջը դադարի և կողմնորոշվելու հնարավորություն է տրվում, միաժամանակ՝ սեփական ուժերն ու ընդունակությունները կիրառել փորձելու հնարավորություն: Սա մի պաուզա է, որը կարող է դեպքերի ընթացքին շատ լուրջ ազդել: Կամ կինը կկարողանա հասկանալ, որ ինքը մենակ էլ կարող է իր երեխաներին մեծացնել, կամ, ընդհակառակն, կգիտակցի, որ իր բաժինը լուռ հնազանդությունն է: Կա նաև միջին տարբերակը՝ կինը հարաբերական խաղաղության մեջ կմտածի-կհասկանա, որ ինքն էլ բաժին ունի իր նկատմամբ բռնության դրսևորումներում, և կփորձի վերագնահատել-վերակառուցել ներընտանեկան հարաբերությունները: Նա ընտրություն կանի: Կարծեմ հենց սա է, որ շատ է մտահոգում կնոջը հնազանդության ու ենթակայության վարք պարտադրողներին, բա ո՞ր հանկարծ... Բա ո՞ր հանկարծ բռնության պաուզայի ընթացքում կինը հասկանա, որ կարող է շարունակել ապրել՝ նույն էներգիան, ջանքերը, աշխատանքը ներդնելով, և՝ առանց ամենօրյա կշտամբանքի, ծեծի, հարբեցողության... Կարծեմ սա շատ անցանկալի հեռանկար է բռնությամբ լիցքաթափվողների համար՝ բա ու՞մ վրա թափվի նրանց զայրույթը, հիստերիան, չկայացած կյանքի կուտակված ագրեսիան... Աղքատության մշակույթն ուսումնասիրելու ընթացքում բռնության կիրառման հարյուրավոր ընտանիքներում եմ եղել, որտեղից ժամանակ առ ժամանակ փախչելու փորձեր անող կանանց բռնությամբ ետ են վերադարձրել, կամ իրենք՝ փախչողներն են վերադարձել՝ կեցության որևէ հնարավորություն չգտնելով, և ընկել կրկնակի ճնշման ու արհամարանքի տակ: Կանանց մեծ մասն այդ ընտանիքներում բանող անասունի կարգավիճակում են: Անշուշտ սա հայկական միջին ընտանիքի նկարագիրը չէ, բայց այս ընտանիքները մեր երկրում կան, և այս ընտանիքներում իրենց բանող անասունին կորցնելու տագնապ կա: Բայց այդպես ՛՛ընտանիք՛՛ կոչվողը կորցնում է ամենակարևորը՝ բռնության միջավայրում ապրող երեխաներին՝ կորցնում են նրանց ինքնավստահությունը, արժանապատվությունը, կամքը, ուրախությունը վերջապես: Այստեղ կամ պոտենցիալ հարբեցողներ են մեծանում, կամ պոտենցիալ մարդասպաններ, կամ պոտենցիալ ստրուկներ, կամ, լավագույն դեպքում՝ օլիգարխների թիկնազորների հավակնորդներ: Դրանք կամ սոցիալական բեռ են մեր հասարակությունում, կամ սոցիալական չարիք: Ինձ տարօրինակ թվացողն այն է, որ այս օրենքի դեմ բարձրաձայն արտահայտվողները կարծեք թե այս կարգի երևույթներին դեմ մարդիկ են, ինչու՞ է նրանց տագնապեցնում կնոջը /երբեմն՝ նաև տղամարդուն/ ընտանեկան թնջուկից պաուզա ունենալու հեռանկարը:

 

Լրահոս

Դիտել ավելին