Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետին և հրշեջ դեպարտամենտի ղեկավարին

10 Հոկտեմբեր, 2017 23:27
Դավիթ Տոնոյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետին և հրշեջ դեպարտամենտի ղեկավարին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանին և Գլենդելի հրշեջ դեպարտամենտի ղեկավար Գրեգ Ֆիշին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակն էր զարկ տալ արտակարգ իրավիճակների ոլորտում ՀՀ ԱԻ նախարարության և Գլենդել քաղաքի հրշեջ-փրկարարական դեպարտամենտի միջև համագործակցությանը: Նախաձեռնության շրջանակներում Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանի հանձնառությամբ՝ Գլենդել քաղաքի կողմից որպես նվիրատվություն ՀՀ ԱԻ նախարարությանը հատկացվել է 2 հրշեջ-փրկարարական մեքենա, հատուկ հրշեջ-փրկարարական հագուստներ և պատգարակներ:

Շնորհակալություն հայտնելով Գլենդելի քաղաքապետ Վ. Կարապետյանին նախաձեռնության համար՝ նախարար Տոնոյանը նշեց, որ ՀՀ ԱԻ նախարարությունը համագործակցության շատ լավ փորձ ունի ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հետ և պատրաստ է սերտ համագործակցություն սկսել նաև Գլենդել քաղաքի հետ:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնելու համագործակցությունը արտակարգ իրավիճակների տարբեր ուղղություններով:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու «911» ծառայության աշխատանքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին