Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԻ նախարարության և Գլենդել քաղաքի հրշեջ-փրկարարական դեպարտամենտը կհամագործակցեն

10 Հոկտեմբեր, 2017 20:29
ՀՀ ԱԻ նախարարության և Գլենդել քաղաքի հրշեջ-փրկարարական դեպարտամենտը կհամագործակցեն

Հոկտեմբերի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանին և Գլենդելի հրշեջ դեպարտամենտի ղեկավար Գրեգ Ֆիշին:

Ինչպես տեղեկացնում են ԱԻ նախարարությունից, հանդիպման նպատակն է եղել զարկ տալ արտակարգ իրավիճակների ոլորտում ՀՀ ԱԻ նախարարության և Գլենդել քաղաքի հրշեջ-փրկարարական դեպարտամենտի միջև համագործակցությանը: Նախաձեռնության շրջանակներում Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանի հանձնառությամբ՝ Գլենդել քաղաքի կողմից որպես նվիրատվություն ՀՀ ԱԻ նախարարությանը հատկացվել է 2 հրշեջ-փրկարարական մեքենա, հատուկ հրշեջ-փրկարարական հագուստներ և պատգարակներ:

Շնորհակալություն հայտնելով Գլենդելի քաղաքապետ Վ. Կարապետյանին նախաձեռնության համար՝ նախարար Տոնոյանը նշել է, որ ՀՀ ԱԻ նախարարությունը համագործակցության շատ լավ փորձ ունի ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հետ և պատրաստ է սերտ համագործակցություն սկսել նաև Գլենդել քաղաքի հետ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը արտակարգ իրավիճակների տարբեր ուղղություններով:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու «911» ծառայության աշխատանքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին