Կարևոր իրադարձություններ

«Չենք կարող ասել՝ երբ կլուծվի հարցը». Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը` վիզաների առկախման մասին

10 Հոկտեմբեր, 2017 15:36
«Չենք կարող ասել՝ երբ կլուծվի հարցը». Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը` վիզաների առկախման մասին

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը հանդես է եկել հայտարարությամբ, որում պարզաբանել է Թուրքիայի քաղաքացիներին ԱՄՆ-ի վիզա տրամադրելու գործընթացը դադարեցնելու պատճառները:

Ըստ «CNNTurk»-ի՝ դեսպանը նախ տեղեկացրել է, որ արգելքը վերաբերվում է ԱՄՆ-ի վիզայի համար նոր դիմումներին, իսկ արդեն վիզա ունեցող Թուրքիայի քաղաքացիները դեռ կարող են մեկնել ԱՄՆ: Բասսի խոսքով Թուրքիայի քաղաքացիները վիզա ստանալու համար կարող են դիմել այլ երկրներում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատներ կամ հյուպատոսարաններ. արգելքը տարածվում է միայն Թուրքիայի տարածքում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:

Անդրադառնալով վիզային արգելքի կիրառման պատճառներին՝ ԱՄՆ-ի դեսպանն ասել է, որ իրենց նման քայլի է դրդել այս տարվա ընթացքում իրենց դիվանագիտական ներակայցուցչության արդեն 2-րդ աշխատողի ձերբակալությունը:  

«Նախորդ շաբաթ մեր դիվանագիտական ներկայացուցչության թուրք աշխատակիցը ձերբակալվել է: Սակայն հակառակ մեր բոլոր ջանքերին՝ չկարողացանք պարզել այդ ձերբակալության պատճառները կամ այն փաստերը (եթե դրանք կան), որոնք հիմք են հանդիսացել ձերբակալության համար:

Հատկապես անհանգստացնող է այն փաստը, որ թուրք պաշտոնյաները կրկին, առանց կասկածյալին կամ նրա փաստաբանին որևէ տեղեկություն հաղորդելու, «մեղադրանքների» մասին տեղեկատվություն են հաղորդում որոշ լրատվամիջոցների:  

 ...Թուրքիան որևէ տեղեկություն չի տրամադրել մեր աշխատողի անօրինական գործողությունների մասին»,- նշել է ԱՄՆ-ի դեսպանը:

Բասսը հայտարարել է, որ այդ որոշումը իրենք հեշտությամբ չեն կայացրել, միաժամանակ նշելով, որ իրենք լավ հասկանում են, թե դա ինչ անհանգստություն կարող է առաջացնել քաղաքացիների շրջանում:   

«Հույս ունենք, որ խնդիրը կարճ ժամանակում կլուծվի, սակայն չենք կարող կոնկրետ ասել, թե այս իրավիճակը ինչքան կտևի: Դա կախված է մեր 2 երկրների կառավարությունների միջև շարունակվող բանակցություններից ու Թուրքիայի կառավարության՝ մեր դիվանագիտական ներկայացուցչությունների ու անձնակազմի անվտանգության ապահովման մասով ունեցած պարտավորությունների կատարումից»,- եզրափակել է դեսպանը:

 

Լրահոս

Դիտել ավելին