Կարևոր իրադարձություններ

Թուրքիան և Ուկրաինան խորացնում են համագործակցությունը ռազմական ոլորտում

10 Հոկտեմբեր, 2017 15:00
Թուրքիան և Ուկրաինան խորացնում են համագործակցությունը ռազմական ոլորտում

Թուրքիան և Ուկրաինան պաշտպանության ոլորտում առկա համագործակցության վերաբերյալ մի շարք քայլեր են իրականացրել: Ըստ թուրքական «Takvim» թերթի կայքի՝ այդ մասին հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ուկրաինա կատարած այցի ընթացքում:

Էրդողանի հետ Ուկրաինա մեկնած պաշտպանության նախարար Նորեթթին Ջանիքլին իր ուկրաինացի գործընկերոջ՝ Ստեպան Փոլթորեքի հետ  ստորագրել է արձանագրություն, որով նախեստվում է երկու երկրների կառավարությունների համագործակցությունը  մի շարք ռազմական ոլորտներում մեծացնել և ընդլայնել:

Դրանից զատ թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերության հիմնադիր նախագահ  Իբրահիմ Օզքոլը ուկրաինական «Spets Techno Export» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վլադիսլավ Բելբասի հետ համաձայնագիր է ստորագրել: Փաստաթղթով նախատեսվում է, որ թուրքական ընկերությունը ուկրաինական կողմին կվաճառի հեռահաղորդակցության մի շարք ժամանակակից սարքավորումներ: 

Հիշեցվում է, որ Ուկրաինայի  վարչապետ Վլադիմիր Գրոյսմենը Թուրքիա կատարած այցի ժամանակ 2017թ. մարտի 14-ին ուկրաինական «Ukroboronprom» ընկերության և Թուրքիայի  SSM-ի (Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավարություն) միջև համագործակցության պայմանագիր էր ստորագրվել: Ըստ դրա՝ ռազմական ոլորտում իրականացվելու էին մի շարք համատեղ ծրագրեր, որոնցից մեկը  անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունն էր:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ վերջինս ժամանակներս  Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությամբ զբաղվող մի շարք ընկերությունները իրենց հետաքրքրությունը մեծացրեցին Ուկրաինայի նկատմամբ: Եվ պատահական չէր, որ թուրքական մի շարք ընկերություններ իրենց արտադրանքով մասնակցում են այժմ Կիևում ընթացող «Arms&Security »  տոնավաճառին: 

 

Լրահոս

Դիտել ավելին