Կարևոր իրադարձություններ

«Հանրությունն ինքն է փորձառություն կայացնում և իր ֆիլտրերի միջոցով աստիճանաբար զտում կենսունակ և ոչ կենսունակ արժեք-ավանդույթները»

10 Հոկտեմբեր, 2017 14:39
Հեղինակ՝ Կարպիս Փաշոյան
«Հանրությունն ինքն է փորձառություն կայացնում և իր ֆիլտրերի միջոցով աստիճանաբար զտում կենսունակ և ոչ կենսունակ արժեք-ավանդույթները»

12-14 տարեկան աղջիկների բռնի ամուսնությունը 200 տարի առաջ դիտարկվում էր որպես ազգային ավանդույթ: Բայց ինչպես տեսնում եք այդպիսի ավանդույթ այլևս չկա, դուրս է մղվել հայկական իրականությունից: 
Հիմա մենք ամենապարզունակ օրինակն ենք բերում այն բանի, որ ավանդույթներն ու կացութաձևերը հարատև կարգավիճակ ունենալ չեն կարող, ընդհակառակը՝ դրանք հարափոփոխ են և կերպափոխվում կամ էլ անէանում են ժամանակի պահանջներին համընթաց: 
Իհարկե կան այնպիսի ավանդույթներ, որոնք բացառիկ կենսունակություն են դրսևորում և, եթե ոչ բովանդակային, ապա ֆորմալ տեսանկյունից պահպանում են իրենց անփոփոխ ձևերը: Օրինակ՝ Տեառնընդառաջի կրակը: 
Հանրությունն ինքն է փորձառություն կայացնում և իր ֆիլտրերի միջոցով աստիճանաբար զտում կենսունակ և ոչ կենսունակ արժեք-ավանդույթները: 
Մեծ դեր են խաղում նաև տվյալ ժամանակշրջանի լուսավորական անհատները, որոնք իրենց բժշկական միջամտությամբ արագացնում են հանրային կյանքից ոչ կենսունակ արժեքների դուրս մղման գործընթացը: 
Հայկական միջավայրում ահա այդպիսի դերակատարություն է ժամանակին ստանձնել մեծ ու հանճարեղ Հովհաննես Թումանյանը: Մարո, Անուշ և մյուս ստեղծագործությունները ասվածի վառ վկայությունն են: 
Նոր արժեքներ ստեղծելու և զարգանալու հայտ կարող են ներկայացնել այն ազգերը, որոնք պարբերաբար ենթարկվում են արդիականացման, նորացման ու այլացման: Ինքնությունը քարացած համակարգ չէ, այն պետք է պարբերաբար թարմացվի ու նորոգվի՝ նոր ի հայտ եկած մարտահրավերներին համընթաց: 
Այ հենց այս պարզ ճշմարտությունը չեն կարողանում հասկանալ հովհաննեսգալաջյաններն ու նրա համակիրները: Նրանց կարծիքով ազգը կերպափոխման ենթակա միավոր չէ, այլ միագույն, մոնոլիտ արժեքներով, տարտամ հավաքականություն է: Այն դեպքում, երբ մոտ 4000 տարիների ընթացքում այդ էթնիկ միավորը մշտապես ներքաշված է եղել տևտոնիկ կերպափոխումների շղթայական ընթացքի մեջ: Ինչպես մեր պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանն է ասում, մենք գործ ունենք բազում ու տարասեռ հայերի հետ՝ հելլենիստական հայ, Արշակունյաց ժամանակաշրջանի հայ, Կիլիկիո հայ, թուրքական ու պարսկական տիրապետության հայ, անկախության հռչակած հայ: Ներկայումս մեր առջև որպես խնդրո առարկա դրված է 21-րդ դարի հայը, որը գիտակցաբար կամ էլ հաճախ անգիտակցաբար մերժում է իր կյանքի ֆունդամենտալիստական երանգներն ու դրվագները: Նա հասկանում է, որ ապրում է նոր աշխարհում, մի նոր երկրում, որն այլևս Օսմանյան կամ էլ Ռուսական կայսրությունը չէ, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը: 
Առնվազն հիմար պետք է լինել չհասկանալու համար, որ 21-րդ դարի հայկական ընտանիքը չի կարող ապրել 19-րդ դարի կացութաձևով ու ադաթներով: Հայրական ապտակների, պապական քացիների, ամուսնական սիրառատ բոքսերի ժամանակները վաղուց արդեն անցել են կամ էլ՝ անցումային փուլում են: Այժմ կա օրենսդրություն, որը պատժում է համանման դրսևորումները և՝ վերջ: Իսկ ադաթների սիրահարները թո՛ղ ժամանակի մեքենա գնեն ու տեղափոխվեն 19-րդ դարի Օսմանյան կայսրություն: 
Օրինակ՝ նախամուսուլմանական Արաբիայում կար մի ավանդույթ. նորածին աղջիկ երեխաներին ողջ-ողջ թաղում էին: Եկավ մարգարեն, 7-րդ դարի համար իր բավականին առաջադիմական ուսմունքով ու ասեց, ով համարձակվի նման բան անել ուղտի սմբակներով կսատկացնեմ: Տեսնու՞մ եք, թե ինչպես են ավանդույթները փոշիանում: Եվ այսպես շարունակ, հավերժ քննարկման թեմա է: Ոչ մի ազգային ավանդույթի խնդիր էլ իրականում չկա, պարզապես կիսագրագետ մարդիկ նորից ջրի երես են դուրս եկել:

 

Լրահոս

Դիտել ավելին