Կարևոր իրադարձություններ

Խոսքի ազատության ոլորտում Հայաստանն էական առաջընթաց ունի. ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ մի շարք հարցեր են քննարկվել

05 Հոկտեմբեր, 2017 18:06
Խոսքի ազատության ոլորտում Հայաստանն էական առաջընթաց ունի. ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ մի շարք հարցեր են քննարկվել

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել են ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:

Ինչպես նշել են ԵՄ պատվիրակության անդամները՝ հանձնաժողովը պարբերաբար մշտադիտարկումներ է իրականացնում միջազգային տարբեր հարթակներում եւ իրավիճակներում՝ ԵՄ խորհրդին առաջարկելով ռազմավարական մոտեցումներ եւ քաղաքական լուծումների տարբերակներ: Հանձնաժողովն իրականացնում է նաեւ ճգնաժամերի կառավարման գործողությունների քաղաքական վերահսկողությունն ու ռազմավարական ղեկավարումը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ողջունելով ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, դեսպան Վալտեր Սթիվենսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, կարեւորել է անվտանգության եւ խաղաղության դերը մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար: Արժեւորելով ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի որդեգրած կառուցողական մոտեցումները՝ նա պատվիրակության անդամներին մաղթել է արգասաբեր աշխատանք եւ նոր ձեռքբերումներ: Արմեն Աշոտյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրում իրականացված քայլերին, օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին, խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներին եւ գործիքներին, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը:

Նաիրա Զոհրաբյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքները:

Անդրադառնալով խոսքի ազատության հիմնախնդրին՝ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պատվիրակության անդամներին վստահեցրել է, որ Հայաստանում խոսքի ազատության ոլորտում Հայաստանն էական առաջընթաց ունի: Անդրադարձ է կատարվել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրել է, որ կանցկացվեն խորհրդարանական լսումներ այս նախագծի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում եւ համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ինչը, նրա խոսքով, կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Կորյուն Նահապետյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է ՀՀ օրենսդրական դաշտում իրականացվող փոփոխությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Վալտեր Սթիվենսն կարեւորել է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու Հայաստանի որոշումը՝ այն նշանակալի քայլ համարելով ժողովրդավարության զարգացման գործընթացում:

Նա նաեւ անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքին ու հեռանկարներին, Արեւելյան գործընկերության գալիք գագաթնաժողովի օրակարգին, Հարավային Կովկասի տարածաշրջանի ընդհանուր քաղաքական եւ անվտանգության խնդիրների ու մարտահրավերների հետ կապված հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին