Կարևոր իրադարձություններ

«ԼՂ հիմնահարցը, ցավոք, չի դիտարկվում որպես ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, այլ որպես տարածքային խնդիր». Արա Բաբլոյանը` Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահին

04 Հոկտեմբեր, 2017 17:20
«ԼՂ հիմնահարցը, ցավոք, չի դիտարկվում որպես ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, այլ որպես տարածքային խնդիր». Արա Բաբլոյանը` Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներ, հանձնաժողովների նախագահներ:

ՀՀ ԱԺ նախագահը ողջունելով Միլան Շտեխին եւ նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ Ազգային ժողովում՝ կարեւորել է ՉՀ հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը՝ Չեխիան համարելով մեր ամենակարեւոր գործընկերներից մեկը Եվրոպայում:

Արա Բաբլոյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում եւ կարեւորել երկու երկրների համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին՝ 2017 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար:

Արա Բաբլոյանը փաստել է, որ Եվրոպական միությունը եղել ու մնում է Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը՝ հույս հայտնելով, որ նոյեմբերին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ հարաբերությունները կմտնեն իրավական նոր հարթություն:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացման եւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերում:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնահարցին՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը՝ հարցը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

ՀՀ ԱԺ նախագահն իր անհանգստությունն է հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ. «Մեր մտահոգությունը կրկնապատկվում է, որովհետեւ ադրբեջանական կողմը չի ցանկանում նստել բանակցային սեղանի շուրջ եւ խաղաղ լուծում տալ հարցին: ԼՂ հիմնահարցը, ցավոք, չի դիտարկվում որպես ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, այլ որպես տարածքային խնդիր»:

 Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ կարեւորել երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցությունն ու հարաբերությունների աշխուժացումը:

Միլան Շտեխը նույնպես ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների հարաբերությունների խորացման գործում՝ նշելով, որ խորհրդարանները կարող են նպաստել տարբեր բնագավառներում կապերի հաստատմանն ու ընդլայնմանը:

Պարոն Շտեխը նշել է, որ ակնհայտ են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներն ու ժողովրդավարական առաջընթացը, եւ հույս հայտնել, որ ԵՄ հետ կնքվող նոր պայմանագիրը կխթանի հարաբերությունների զարգացմանը:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ Միլան Շտեխը նշել է.«Համակարծիք ենք Ձեզ հետ, որ հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձեւաչափն է, որով այս հարցը կարող է քննարկվել: ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող գերտերությունները պետք է ապահովեն հարցի խաղաղ լուծումը»:

Միլան Շտեխը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է պաշտոնական այցով այցելել Չեխիա:

Հանդիպման ավարտից հետո Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխն Ազգային ժողովի այգում եղեւնի է տնկել՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամության: 

 

Լրահոս

Դիտել ավելին