Կարևոր իրադարձություններ

Միքայել Մելքումյանն ընդունել է Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներին

04 Հոկտեմբեր, 2017 16:04
Միքայել Մելքումյանն ընդունել է Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Նիկոլայ Տիշեւին եւ բարեկամական խմբի անդամ Պավել Շոպովին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Ջեմմա Բաղդասարյանն ու ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Միքայել Մելքումյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված վաղեմի բարեկամությունն ու մշակութային առնչությունները, որոնք լավ հիմք են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման գործում եւ ընդգծել խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը:

Միքայել Մելքումյանը Բուլղարիայի հետ համագործակցությունը կարեւորել է նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Բուլղարիայի հավասարակշռված մոտեցումը՝ համահունչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը:

Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Նիկոլայ Տիշեւը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները: Նա հատկապես ընդգծել է Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամիապնդման հարցում:

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան - Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Ջեմմա Բաղդասարյանը կարեւորել է փորձի փոխանակման նպատակով բարեկամական խմբերի համատեղ տարեկան նիստերի եւ առցանց խորհրդակցությունների կազմակերպումը:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ համագործակցության առավել ընդլայնումն ու զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներում:

 

Լրահոս

Դիտել ավելին